18 12 2019

Հայկ Մարությանը բազմաթիվ քննադատությունների է արժանանում․ Մեդիա պաշտպան

Հայկ Մարությանը բազմաթիվ քննադատությունների է արժանանում․ Մեդիա պաշտպան

Մեդիա պաշտպանը գրում է․ «2019թ-ի դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 677 հոդված, որոնցից 387-ը եղել է բացասական, 42-ը՝ դրական, 248-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին այս տասնօրյակ գրանցվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Դրանց թիվը գերազանցում է անգամ չեզոք հոդվածների թվին։

Քննադատության է արժանացել Ամանորյա միջոցառումների համար 425-430 մլն դրամ տրամադրելու մասին լուրը։ Համացանցում տարածվեց Հայկ Մարությանի տարիներ առաջ արված գրառումը, որում վերջինս քննադատել էր Տարոն Մարգարյանին քաղաքային տոնի համար նախատեսված ծախսերի համար։

Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ ժամանակին Հայկ Մարությանը բողոքում էր քաղաքային տոների համար շատ գումար հատկացնելուց, իսկ այժմ նրա քաղաքապետության օրոք արդեն հաստատվել է 700.000 դոլարի ծախսը։ Զոհրաբյանը նաև քննադատական հարցադրում է արել . «Վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու»:

Ամենաքննարկվող երկրորդ թեման կապված էր Աբու Դաբիից Հայաստան ժամանած գործարարների հետ։ Հրապարակումների և ԲՀԿ կուսակցության պնդումների համաձայն, գործարարները լայնածավալ ներդրումային ծրագրեր են ունեցել, որոնք կյանքի չեն կոչվել Հայկ Մարությանի և քաղաքապետարանի ոչ ճիշտ աշխատելաոճի պատճառով։ Այնուհետև քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ համաձայն որի գործարարները ջինսե տաբատներով են եկել հանդիպման։ Հայտարարությունից հետո համացանցում նկարներ տարածվեցին, որոնցում պաշտոնական հանդիպումների և միջոցառումների ժամանակ Հայկ Մարությանը նույնպես ջինսե տաբատով է եղել։

Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով Աբու Դաբիից Հայաստան ժամանած գործարարների հետ կապված պատմությանն, ասել է. «Հասկացանք, թագանաժանգը չի, թագավորի մեծ տղան էլ չէ, ասենք, թե թագավորի ընտանիքից է, եկե՞լ են բիզնես ծրագրով, եկել են՝ հիմնական խնդիրը սա է, ես մտածելու բան չունեմ: Դուք տեսաք, որ քաղաքապետի հետ հանդիպելուց հետո նրանք ասացին, որ հասկացել են՝ անցանկալի հյուրեր էին»։

Ըստ հրապարակումներից մեկի, Հայկ Մարությանն օրենք է խախտել և քաղաքապետ եղած ժամանակ ղեկավարել է «Երկուսուկես» ՍՊԸ-ն։ Այս առնչությամբ դիմում է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին։

Հայկ Մարությանը բոլոր հարցերին պատասխանելու համար հյուրընկալվել էր Հանրային Հեռուստաընկերությունում։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ քաղաքապետը ներկայացրել էր իր տեսակետները և դեպքերի մեկնաբանությունը, որից հետո Դավիթ Խաժակյանը և ԲՀԿ-ական Հռիփսիմե Առաքելյանը քննադատաբար էին մոտեցել հարցազրույցին և ասել էին, որ ամեն ինչ ուղղորդված էր, իսկ հարցազրույցը, ըստ էութան, ոչինչ չասող հարցազրույց էր։

Դրական է գնահատվել այն լուրն, ըստ որի Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով, ինչպես նաև Հայկ Մարությանի հանդիպումը՝ ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետ։

Հակոբ Կարապետյանն էլ, անդրադառնալլով շեյխերի այցին, ասել է, որ քաղաքապետի դիտողությունը՝ շեյխերի պահվածքի համեմատ, եղել է բավական մեղմ։

Փաստորեն, Հայկ Մարությանը բազմաբնույթ քննադատությունների է արժանանում, որոնք իրենց արտացոլանքն են գտնում թե՛ համացանցում, թե՛ լրատվական դաշտում։ Քաղաքապետարանի թիմը պետք է հստակեցված պատասխաններ հնչեցնի բոլոր հարցերին և ներկայացնի անհերքելի ապացույցներ այս կամ այն հարցի վերաբերյալ, հակառակ դեպքում վարկանիշային անկումը շարունակվելու է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ