2019թ-ի դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 290 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 244-ը՝ չեզոք։
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Նշվում է, որ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել միայն նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չեն շնորհավորել։
ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկության ընթացքում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Արարատ Միրզոյանին մեղադրել է այլակարծություն չընդունելու մեջ և հայտարարել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին։
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը քննադատել է ընդդիմադիր պատգամավորներին գործուղումներում չընդգրկելու հանգամանքը՝ ասելով. «Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։ Պարոնայք և տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել»։
Ըստ հրապարակման, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջև առճակատումը շարունակվում է։ Լրատվականների համաձայն, Անվտանգության խորհրդի անդամ չդարձած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցանկանում է ամեն գնով նախարար դարձնել իր սանիկին։ Արդյունքի հասնելու համար այդ գործընթացում ներգրավել է «Իմ քայլի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանին, Արփի Դավոյանին և Լուսինե Բադալյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը