16 12 2019

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«05․08․2019թ․

 «Պետական ինստիտուտները ամբողջությամբ կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

12.12.2019թ․ «Էս տարվա բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Մեր բոլոր հաջողություններն ի հեճուկս պետական կառավարման համակարգի են և ի հեճուկս բոլոր նախարարությունների են։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ»։

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Նա հետևողականորեն առաջ է տանում «վատ ժառանգություն եմ ստացել» և «չեն թողնում, որ աշխատեմ ու ձեզ լավ պահեմ» պարզունակ թեզերը։

Հանուն սեփական շահերի՝ Փաշինյանը քարոզում է պետական կառավարման համակարգի, այն է՝ պետության դեմ։ Նա թշնամություն է առաջացնում պողոսական հատվածի ու պետական բյուրոկրատիայի միջև։

Ինքն ուզում է ասել, որ բոլորը սրիկա են, կոռուպցիոներ ու անգրագետ։ Բնականաբար, բացի իրենից։

Պետական կառավարման համակարգին գոնե քարոզչական դաշտում պատերազմ է հայտարարված հետևյալ նպատակներով՝

ա․ խուսափել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում բացասական արդյունքների համար պատասխանատվությունից,

բ․ ապահովել տեսարաններ և շեղել հանրային ուշադրությունը բուն խնդիրներից,

գ․ նախապատրաստել պետական ապարատի դեմ հարձակման նոր ալիք։

Պատերազմ է հայտարարվում և բողոք ներկայացվում համակարգին այն դեպքում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանությունները սեփականաշնորհված են, ուժային և քննչական մարմիններն ամբողջությամբ վարչապետին են ենթարկվում, դատարաններում հատուկենտ են օրենքով շարժվողները, կառավարության ղեկավար օղակներում բացառապես մեկ մարդու քմահաճույքով նշանակվածներ են, խորհրդարանում ունենք լուռ մեծամասնություն։

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը։

Եթե հեղափոխությունը Արցախի շուրջ բանակցությունների օրակարգում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեմայի հայտնվելն է՝ ի հեճուկս Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հայտարարության, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը և Բրատիսլավայում գոնե ինչ–որ կարմիր գծեր են ներկայացվում։

Եթե հեղափոխությունը դատարաններն ապօրինաբար շրջափակելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը։

Եթե հեղափոխությունը անձնական քմահաճույքով և քաղաքական հաշվարկով քրեական գործեր սարքելն ու վնգստացող դատավորների 100–տոկոսանոց ոհմակ ստանալն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է և թույլ չի տալիս վերջնականապես ասիական ոճի բռնապետություն կամ աֆրիկյան ոճի բանանային երկիր դառնանք։

Եթե հեղափոխությունը երկիրը Ֆեյսբուքով, «լայվով», «սելֆիով» ու անհավասարակշիռ որոշումներով կառավարելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ այս պայմաններում կարողանում է այս կամ այն չափով մակրոտնտեսական կայունություն, սահմանների անվտանգություն, ներքին կարգուկանոն և ոչ քաոտիկ հասարակական հարաբերություններ ապահովել։

Բայց պետական կառավարման համակարգի հնարավորություններն ու ռեսուրսներն անսպառ չեն։ Դրանք կարող են մի օր չդիմանալ վարչապետի հախուռն ու էպատաժային գրոհներին։ Պետք է, հետևաբար, նոր որակի առաջնորդություն՝ նոր որակի Հայաստան կառուցելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ