Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր և պատմական իրադարձություն՝ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է հայոց Ցեղասպանությունը, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև և ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանաքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև ուզում եմ գնահատանաքի խոսքեր ասել Ներկայացուցիչների պալատի անդամներին, և ուզում եմ գնահատանաքի խոսքեր ասել ԱՄՆ հայությանը, բոլոր կազմակերպություններին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, ինչը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի: Այս մասին դեկտեմբերի 12-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բազմիցս ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ: Եվ դուք տեղյակ եք, որ հենց Հայաստանի առաջարկությամբ Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ն ընդունեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր»,-նշեց նա:
Վարչապետը շեշտեց՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի․ «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի և կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: Եվ ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությունն է սպառնալիք ՀՀ և հայ ժողովրդի համար: Եվ գիտեք, որ ըստ էության շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են: Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նաև Միացյալ նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Թուրքիան այսօր ագրեսիվ քաղաքականություն է վարում Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի նկատմամբ: Եվ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, սա ի ցույց է դնում այն դերակատարումը, որն այսօր մեր տարածաշրջանում ունի: Այս առումով, նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի ու բերագնահատաի, վերանայի իր դերը մեր տարածաշրջանում»:
Վարչապետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ․ «Ինչպես ՀՀ բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Եվ ընդ որում, մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ՝ իմ նշած գործառույթի շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում»։
Դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր հռչակելու մասով Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայոց ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն․ «Կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ Հայոց ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահի՝ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արված անպարկեշտ և ցինիկ արտահայտություները եկան, որ նման պաշտպանության կարիք կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը