2019 թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, aravot.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և a1plus.am-ը։
Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 349 հոդված։ Որոնցից 35-ը՝ բացասական, 38-ը՝ դրական, 276-ը՝ չեզոք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են գրեթե հավասար թվով դրական և բացասական հոդվածներ։
Ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարել է, որ եթե իրենց քաղաքական ուժը ստանա ժողովրդի մեծամասնության քվեն, երկրի համար շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնցից ամենակարևորը լինելու են ներդրումները, տնտեսության զարգացումը և ներգաղթը։ Որպես սփյուռքի հետ աշխատանքի ցուցիչ լրատվականը հիմք է վերցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին հեռուստամարաթոնը, որտեղ հավաքագրվել էր 10 մլն դոլար և նշվում է, որ նույնիսկ 2016 թվականին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ 15 մլն դոլարը գերազանցող հանգանակություններ էին արվել։
Ըստ հրապարակումներից մեկի, ցավալի է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկնում են այն քայլերը, որոնք ժամանակին քննադատության են ենթարկվել հենց իրենց կողմից։ Մասնավորապես, նշվում է աշխատանքային ժամին ֆեյսբուքյան գրառումներ կատարելը։
Ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում կրկին անդրադարձել է Աստվածաշնչին, մասնավորապես, ասելով՝ որ շատ մարդիկ իշխանության գալով տառապում են իշխան բդեշխի բարդույթով և առաջարկել է այդ բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով՝ միաժամանակ և՛ տեր, և՛ ծառա լինել։ Անդրադառնալով այս թեմային, կայքը գրել է. «Սա վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր, իր իշխանության և Տիրոջ միջև: Իհարկե, հոգեբաններն ավելի մասնագիտորեն կախտորոշեն այդ խնդիրը, բայց առնվազն առաջին ընկալմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ պաշտոնյաներին պատվիրակելով իշխանի բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով, ենթագիտակցորեն իրեն վերապահում է՝ Հիսուսի, պաշտոնյաներին էլ՝ աշակերտների կամ առաքյալների դերը»:
Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբին` ամեն ամիս 10.000 դրամ փոխանցելՀայաստան Համահայկական հիմնադրամին, արձագանքել են մի շարք համաշխարհային հայ աստղեր՝ Սերժ Թանկյանը, Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, Ալեքսիս Օհանյանը և այլք։
Aravot.am-ում հրապարակվել է 107 հոդված, բացասական՝ 25, դրական՝ 10, չեզոք՝ 72։
Կայքում տեղ են գտել բոլոր այն բացասական հոդվածները, որոնց մասին վերևի հատվածում նշել ենք։ Բացի այդ, կայքում տեղ է գտել հրապարակում, ըստ որի` Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ պետական բյուջեն ավելանալու է 30-35 տոկոսով։ Անցել է գրեթե երկու տարի, և, հրապարակման համաձայն, մենք տեսնում ենք, որ պետական բյուջեն չի լցվել 30-35 տոկոսով և փաստացի խոստումը չի կատարվել։ Կայքում հրապարակվել է նաև Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը, որտեղ վերջինս, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովին, ասել է. «Անդրանիկ Քոչարյանը եւ իր կամպանիան առաջինը պետք է հրավիրեն Նիկոլ Փաշինյանին ցուցմունք տալու համար, որովհետեւ Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, որպեսզի Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ։ Ես ուղիղ խոսքը մեջ չեմ բերել, այլ ընդհանուր միտքն եմ ներկայացնում։ Թող վարչապետին կանչեն ու ասեն՝ ընգե՛ր ջան, էս տեղեկությունը քեզ որտեղի՞ց։ Եթե պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ, ապա դու էլ գնում ես ՀԱՊԿ-ում միաձայն բաներ եք ստորագրում։ Եթե ՀԱՊԿ-ը ձեւական կառույց է եղել, եթե ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է եղել, ապա այդ ամենը ձեզ որտեղի՞ց»։
Կայքում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի կոչին միացող անձանց մասին հրապարակումները։ Պեսկովի այն հայտարարությունը, ըստ որի` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Հովիկ Աղազարյանն, իր հերթին, սատարել է Նիկոլ Փաշինյանին վերջինիս Աստվածաշնչյան հիշատակումների համար:
Armtimes.com-ում հրապարակվել է 74 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 10, չեզոք՝ 63։
Կայքում հրապարակվել է այն մարդկանց անունները, որոնք միացել են վարչապետի մարտահրավեր-կոչին` կապված Համահայկական հիմնադրամի հետ։ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը նույնպես տեղ է գտել կայքում է։ Դրական է դիտարկվել այն լուրը, որի համաձայն` Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի «Legatum Prosperity Index»-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի:
Armlur.am-ում հրապարակվել է 62 հոդված, բացասական՝ 4, դրական՝ 9, չեզոք՝ 49։
Կայքի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Իտալիայում արված Հայտարարությանը, ըստ որի` Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարեց, ասել է. «Նիկոլ Փաշինյանի այդ կարծիքը եղել է սխալ ձևակերպված և ինքը չի կարծում, որ առաջին նախագահը երբևէ չարիք է եղել»։
ՀԱԿ-ը նույնպես պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում է ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում է 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին»:
Ինչպես նախորդ կայքերի, այնպես էլ «Armlur.am»-ի դեպքում, հրապարակվել են մարտահրավերների մասնակիցների անունները։ Ըստ մեկ այլ վերլուծականի, ՀՅԴ-ն փորձել է ԿԳՄՍՆ-ի դեմ պայքարով ստուգել Նիկոլ Փաշինյանի ամրությունը։ Հրապարակման մեջ ասված է. «Այդ իմաստով, Փաշինյանը պահեց առաջին հարվածը, ընդ որում պետք է նկատել, որ ուժերի ամենեւին ոչ գերլարումով: Խոշոր հաշվով, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի շուրջ զարգացումը կամա, թե ակամա արձանագրեց ընդամենը հետհեղափոխական իրողություններում՝ չնայած մեկուկես տարի անց ուժերի հարաբերակցության հիմնականում անփոփոխ ստատուս-քվոյի հանգամանքը»:
A1plus.am-ում հրապարակվել է 61 հոդված, բացասական՝ 4, դրական՝ 4, չեզոք՝ 53։
Կայքում նույնպես անդրադարձ կա Միլանի հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանի Հիսուս Քրիստոսի մասին հայտարարությանը: Ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի, Փաշինյանը փորձել է հանդես գալ որպես հերոս։ Հրապարակումներից մեկի համաձայն, Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Կառավարության շենքի դիմաց էր՝ հայտագիր-հարցում հանձնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լքի կառավարական առանձնատունը՝ տարածքը տրամադրելով մանկապարտեզներին և զոհված զինծառայողների երեխաներին։
Կայքում տեղ է գտել այն լուրը, ըստ որի` Սերժ Թանկյանն ընդունել է վարչապետի մարտահրավերը ինչպես նաև հրապարակվել է Պեսկովի հայտարարությունը։
azatutyun.am-ում հրապարակվել է 49 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 5, չեզոք՝ 43։
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանին վշտացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը. «Հայաստանում շատ մեծ չափով, ոչ ամբողջությամբ, գիտական գործունեություն վարելը նշանակել է գնալ ամեն առավոտ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսը և վերադառնալ տուն»։ Լենսեր Աղալովյան էլ իր հերթին ասել է. «Նաև սուրճ եմ խմում, ինչի՞ չպիտի խմեմ: Բայց դրա հետ միասին, գրում եմ գիրք»:
Դրական են գնահատվել այն լուրերը, որոնց համաձայն, վարչապետը ֆեյսբուքում տաս ամենաակտիվ առաջնորդների շարքում է։ Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլար վարկ է հատկացրել Հայաստանի կառավարությանը։ Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել են վարչապետ Փաշինյանի մարտահրավերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը