Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ էր կազմակերպվել մարզահամերգային համալիրում: Համերգը վատը չէր։ Մասնակցում էին բազմաթիվ հյուրեր՝ հայտնի անձինք։ Մալխասին սիրողները շատ են, շատ կմասնակցեին։ Հարգեցին, պատվեցին լեգենդին։
Բայց այն, ինչ կատարվեց մինչ համերգի սկսվելը, տհաճ էր։ Համերգն իր մասնակցությամբ պատվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ յուր տիկնոջ հետ։ Հենց այդ անձանց մասնակցության պատճառով մյուսներին չափազանց մանրակրկտորեն ստուգում էին, բացում պայուսակները, ուսումնասիրում՝ ինչ կա մեջը։
Սա, ընդունենք, անդուր էր։
Իսկ համերգի մասնակիցներին տոմսը տալիս ասե՞լ էին, որ նրանք պետք է մանրակրկիտ անցնեն հսկողական սարքերի միջով ։ Գուցե մարդկանց մի մասը իմանալով այդ մասին, չմասնակցեր համերգին։ Չէ՞ որ ոչ բոլորին է դուրեկան գնալ հաճելի ժամանցի ու հենց սկզբից պայուսակի պարունակությունը ցույց տալ ինչ-որ հսկիչների։
Լավ, իսկ ինչո՞ւ է նման հսկողությունը, պատճառը ո՞րն է, ումի՞ց է վախենում Փաշինյանը։ Բոլորի՞ց, ՀՀ քաղաքացիների՞ց, ժողովրդի՞ց։
Հիմա կասեն՝ «Սերժի վախտ էլ էր տենց»։ Հա։ Բայց, ախար, բան է փոխվել, չէ՞։
Ընդհանրապես, ով հետևել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեղաշարժին, կնկատի անվտանգության միջոցների անհամեմատ խստացումը։ Ուշագրավ է, որ ժողվարչապետն իրեն այնպես է հսկել տալիս, որ մի մրջյուն անգամ չի կարողանա թիկնազորի արանքից ներս մտնել։ Չի՞ ուզում մարդկանց հետ շփվել, չի՞ ուզում, որ ինչ-որ մեկն իր խնդիրներով մոտենա, մեկ ուրիշն էլ գա ու հիշեցնի, որ իրենից սպասելիքն ու իր կատարածը ծայրահեղ տարբեր բաներ են։ Մյուսն էլ կարդա նախընտրական խոստումներն ու դրանց չկատարումը։ Հիշեցինք հետհեղափոխության շրջանը, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրել էին, թե վարչապետին վտանգ սպառնո՞ւմ է, պատասխանել էր, թե՝ վարչապետը այնպիսի վարկանիշ ունի, որ դժվար թե մեկի մտքով ինչոր բան անցնի։ Այսօր կարծես գնահատականներն այլ են։
Ու սա ընդամենը մեկուկես տարի անց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը