06 12 2019

Մնացականյանը ԵԱՀԿ նախագահին է ներկայացրել ԼՂ գործընթացի վերջին զարգացումները

Մնացականյանը ԵԱՀԿ նախագահին է ներկայացրել ԼՂ գործընթացի վերջին զարգացումները

Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է  արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ առնչությամբ դրական գնահատելով  Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձան նաև հայ-սլովակական օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ