05 12 2019

Լսվելու է ոչ թե ՀՅԴ, այլ իշխանությունների գնացքի անիվների տրոփյունը. քաղաքագետ

Լսվելու է ոչ թե ՀՅԴ, այլ իշխանությունների գնացքի անիվների տրոփյունը. քաղաքագետ

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի քանի անգամ գրել եմ որ գոյություն ունեն անուններ, որոնց արտասանելով հնարավոր է հունից հանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրան պարտադրելով պատռել դիմակն ու գոնե մեկ անգամ անկեղծանալով արտահայտել այն ինչ այդ պահին իրապես անցնում է իր մտքով: Այդ անունների շարանը սկսվեց Ռոբերտ Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով, իսկ ամիսներ առաջ դրանց շարքին ավելացավ նաև Վիտալի Բալասանյանը: Այսօր այդ շարանը համալրվել է ևս մեկով՝ «ՀՅԴ»:

ՀՀ ԱԺ ժողովում պատասխանելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիաների կապակցությամբ պատգամավորներից մեկի հարցումին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»:

ՀՅԴ-ի երիտասարդների ակցիայի հանդեպ «թավշյա իշխանությունների» երեկ գործադրած բռնաճնշումը, իսկ այսօր ԱԺ-ի նիստում Նիկոլ Փաշինյանի նյարդային պատասխանն արդեն իսկ վկայում են այն մասին, որ ՀՅԴ-ն քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժ չէ:

Ի դեպ, նույն այդ զրո ազդեցություն ունեցող ուժին անդամագրված ընդամենը մի քանի տասնյակ երիտասարդներին հաջողվեց պատռել «թավշյա իշխանությունների» կեղծ դիմակն ու հօդս ցնդեցնել Հայաստանում իշխանությունը ժողովրդին պատկանելու միֆը: Այդ մասին է վկայում այն փաստը, որ իբր ժողովրդին պատկանող իշխանության ներկայացուցիչը ոչ միայն պատրաստ չեղավ ընդունել ու զրուցել նույն ժողովրդի մեկ հատվածը համարվող երիտասարդների հետ, այլ թաքնվեց ոստիկանության ուժերի ու կարմիր բրետավորների թիկունքում:Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն ձեռագրով կրկնում է Լևոն Տեր Պետրոսյանի թույլ տված սխալը:

ՀՀ վարչապետը թող հիշի, որ նույն սխալի արդյունքում էր, որ ժամանակից շուտ լսվեց ոչ թե 130-ամյա ՀՅԴ-ի, այլ նրան մերժող ու համազգային դաշտում նրա ազդեցության ուժն անտեսող իշխանությունների «գնացքի անիվների տրոփյունը»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ