04 12 2019

Արմեն Սարգսյանը պետության հաշվին 33 անգամ արտերկիր է գնացել․ Politik.am

Արմեն Սարգսյանը պետության հաշվին 33 անգամ արտերկիր է գնացել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Մամուլում հաճախ է քննարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շռայլ ծախսերը, արտասահմանյան թանկարժեք ուղևորությունները, սակայն շատ քիչ է մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում նախագահ Արմեն Սարգսյանի շռայլությունները։ 

Եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում արտասահմանյան այցերը պետության համար կարևորագույն խնդիրների լուծման միջոց են՝ այլ հարցը է, թե որքանով են դրանք արդյունավետ կազմակերպվում, ապա Արմեն Սարգսյանի դեպքում սա զուտ շռայլություն է՝ զրո դերակատարում և ՕԳԳ ունեցող նախագահ ունենալու շռայլություն։

Օրերս մենք հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ պարզելու համար, թե նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը պետական բյուջեից որքան գումար է ծախսել արտասահմանյան այցերի համար։ Մենք նաև փորձել էին պարզել, թե քանի այց է իրականացվել և ի օգուտ մեր պետության կոնկրետ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։

Մեր հարցմանն ի պատասխան նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին միայն 2019 թվականին տեղի ունեցած այցերի համար ծախսված պետական միջոցների չափը.««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայողական գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 2019 թվականին ՀՀ նախագահի և նրան ուղեկցող պատվիրակությունների գործուղման համար նախատեսված է 122 միլիոն 500 հազար ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 118 միլիոն 979 հազար ՀՀ դրամը»,-ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում։ Մեզ չհաջովեց պարզել, թե ինչու՞ չի ներկայացվել 2018-ի ծասերը, բայց դատելով 2019-ի ծասերից կարելի է եզրակացնել, որ 2018-ի համար նույնքան է նախատեսված եղել։

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա իր պաշտոնավարման օրվանից առ այսօր 33 անգամ մեկնել է արտերկիր, որից 2 անգամ Վրաստան, 3 անգամ Միացյալ Թագավորություն, 6 անգամ Ֆրանսիա, 2 անգամ ԱՄՆ, 1 անգամ ՌԴ, 4 անգամ շվեցարիա, 2 անգամ Բելառուս, 2 անգամ Իտալիա, 3 անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-անգամ Հորդանան, 1 անգամ Պորտուգալիա, 1 անգամ Ղազախստան, 1 անգամ Իսպանիա, 1 անգամ Սերբիա, 1 անգամ Ճապոնիա, 1 անգամ Կատար։

Մենք չկարողացանք նախագահի պաշտոնական կայքում գտնել կոնկրետ արդյունքներ, որոնք Հայաստանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի արտասահմանյան ճամփորդությունների արդյունքում, իսկ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ արդյունքներ եղել են, որոնք պետք է փնտրել նախագահի պաշտոնական կայքում․«Նրա հրավերով Հայաստան են ժամանել միջազգային առաջատար բազմաթիվ ընկերությունների պատվիրակություններ, Հայաստանում անցկացվել են խոշոր համաժողովներ, արտասահմանյան այցերի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մի մասն արդեն իսկ  իրականացման փուլում է, ընթացքի մեջ են  մի շարք խոշոր ընկերությունների հետ փոխգործակցության հուշագրերի ստորագրման գործընթացը և ներդրումային ծրագրեր: Այդ ամենին վերաբերող առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ Հանրապետության նախագահի ինտերնետային կայքի համապատասխան բաժնում տեղադրված հաշվետվությունից»:

Այս ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արձանագրված ամենատպավորիչ արդյունքը ԱԺ-ից և կառավարությունից նախագահական եկած օրենքների և հրամանագրերի ստորագրումն է եղել՝ թվով 483 անգամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ