04 12 2019

Քննարկվող փաստաթուղթ չկա․ վարչապետը՝ Բաքվի հրապարակած փաստաթղթի մասին

Քննարկվող փաստաթուղթ չկա․ վարչապետը՝ Բաքվի հրապարակած փաստաթղթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուապատասխանի ժամանակ խուսափեց անդրադառնալ ադրբեջանական կողմի հրապարակած փաստաթղթին, որը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով իր դիրքորոշումներին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ երբեմն ցանկացած նախադասություն մեծադղորդ հնչելու հատկություն ունի: 

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե Բրատիսլավայում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ինչպիսի հայտարարություն կարող է ընդունվել, և ինչ ասել է՝ հնգակողմ հայտարարություն:

«Ես Ձեզ ուզում եմ նախապես ասել, թե ընդհանրապես ինչի մասին կարող է խոսք լինել: Ընդհանրապես նման ֆորմատի հանդիպումներից հետո սովորաբար կամ հնչում են, կամ չեն հնչում հայտարարություններ: Հայտարարությունների երեք ռեժիմ կա, ընդհանրապես հայտարարություններ չեն հնչում, հետո են մեկնաբանություններ հնչում, երկրորդը՝ հայտարարություններով հանդես են գալիս համանախագահները, որը եռակողմ ֆորմատն է, այսինքն՝ հայտարարում են, որ հանդիպեցին-քննարկեցին այս, այս, այս հարցերը, և հնգակողմ տարբերակն է, երբ համանախագահները և կողմերի ներկայացուցիչները որևէ հայտարարություն են անում՝ ներկայացնելով իրենց խոսակցության բովանդակությունը:

Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա, ինչո՞ւ չկա, որովհետև մենք նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասել ենք, որ մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը, երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մեր պարզաբանումները պետք է ստանանք: Իհարկե, այդ գործընթացն ընթանում է, բայց մենք դեռևս չենք ստացել, ոչ միայն կարևոր է այդ պարզաբանումները ստանալ, այլև այդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը, որ մենք այյ այս բաժակին նայելով՝ նույն առարկան ենք տեսնում, նույն պատկերն ենք տեսնում:

Ղարաբաղի հարցի հետ կապված՝ ներկայումս կարող եմ արձանագրել հետևյալը, որ ես կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը: Մենք ձևակերպել ենք Հայաստանի նոր ասելիքը ԼՂ հարցում, ՀՀ-ի և Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի կառավարությունների և, հետևաբար՝ ժողովուրդների պատկերացումները նույնական են, սա նշանակում է՝ 100 տոկոսով մենք նույն կերպ ենք պատկերացնում հարցի կարգավորումը, և երրորդ՝ արձանագրել ենք, որ մեր ասելիքն առավել լսելի և հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից: Սրա վկայությունն այն է, որ շատ բանաձևեր, որոնք մենք առաջարկում ենք, արդեն իսկ պաշտոնապես համանախագահող երկրները կամ առնվազն մի մասն արձանագրել են, որ դա մի բանաձև է, որի հետ դժվար է վիճել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ