ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող նախագծին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Գեւորգ Պետրոսյանը ամբողջությամբ մեր կարծիքն արտահայտեց: Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են՝ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով դրանից կօգտվեք, եթե չէ, հունվարից հետո մենք դա չենք վճարելու, դա աբսուրդ է: Եթե մարդը հանցանք է կատարել, չի համապատասխանում աշխատանքին, թող հանեն, բայց այդպիսի առաջարկը աշխարհում ընդունված չի, չի կարելի: Ինչի՞ համար են խրախուսում, որ ինքը համաձայնի, գնա տունը նստի եւ գումարներ ստանա՞»,-ասաց Ծառուկյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, որը այս ճանապարհով լուծում են, Ծառուկյանն արձագանքեց. «Թող մեզ ցույց տան, որ ինչ-որ ճգնաժամ կա, լճացում կա, մենք էլ համաձայնենք, բայց նման բան չկա: Առանց աշխատելու համ թոշակն է տալիս, համ աշխատավարձը: Մենք դրան կողմնակից չենք լինելու: Իսկ դա կատարողներն էլ պետք է մտածեն, որ հետո դրա համար պատասխան են տալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը