ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Եվ այսպես, մի երկու օրից խորհրդարանը քննարկելու է շշմելու մի նախագիծ, որն այլ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, անվանել հնարավոր չէ։ Քանի որ այս Սահմանադրական դատարանի անդամները շատ համառ դուրս եկան ու ո՛չ դատարանների շրջափակումից, ո՛չ ասֆալտներին ծեփվելուց հետո, միևնույն է, հրաժարական չեն տալիս, իսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ինչ ուզում եք արեք, միայն արյուն ու շեքսպիրյան կրքեր չլինեն՝ իշխանությունը ֆանտաստիկ «խոդ» է մտածել։
ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են՝ կամավոր հրաժարական տվեք ու հարկատուների հաշվին մինչև ձեր լիազորությունների ավարտը, տարիներով տանը նստած՝ ձեր աշխատավարձը կստանաք։ Սա աննախադեպ ցինիզմ է, ու եթե ՍԴ որևէ դատավոր գնա այս գործարքին, հանկարծ չմոռանա, որ մի լուսավոր օր և՛ իր չաշխատած գումարներն է վերադարձնելու պետական բյուջե, և՛ կոլեկտիվ դատվելու են։
Մեկ էլ հանկարծ չմոռանաք մեզ՝ հարկատուներիս մի թեթև հարցնել, մենք տվե՞լ ենք մեր համաձայնությունը, որ մեր հարկերի հաշվին տուն գործուղված դատավորները տարիներով միլիոնավոր դրամներ ստանան։ Ի վերջո, եթե հեղափոխության գերնպատակ եք սարքել այս Սահմանադրական Դատարանի անդամներից ազատվելը, միգուցե միանգամից գնդակահարե՞ք նրանց։ Հը՞։ Նախապես ասեմ, որ ես դեմ եմ գնդակահարությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը