25 11 2019

ՀՅԴ-ականներն իրենց մտահոգություններն են ներկայացրել ԱՄՆ դեսպանին

ՀՅԴ-ականներն իրենց մտահոգություններն են ներկայացրել ԱՄՆ դեսպանին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հյուրընկալել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնից։

Դեսպան Լին Թրեյսիին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելլը, քաղաքական հարցերով  մասնագետ Լիլիթ Օհանյանը: 

ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Աշոտ Սիմոնյանը: 

Շնորհակալություն հայտնելով դեսպանին հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաեւ շնորհավորելով  նրան Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց  իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական իրողությունները: 

Նա մասնավորապես  հնչեցրեց ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնեց երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ։

 Հանդիպմանը մասնակից՝ ՀՅԴ ԳՄ մյուս անդամները  շեշտադրեցին հանրապետությունում իրական, բովանդակային եւ համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց  անհանգստությունն արտահայտեցին երկրում սահմանադրական եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ: 

Դեսպան Թրեյսին իր խոսքում մասնավորապես նշեց. «Ես արժեւորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»:  Հանդիպման վերջում կողմերը շփումները պարբերական դարձնելու եւ մոտեցումները միմյանց փոխանակելու համոզում հայտնեցին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ