2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 418 հոդված, որոնցից 72-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 344-ը՝ չեզոք։ Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակշռել։ Մեր կողմից մշտադիտարկվող կայքերի գնահատականն այս անգամ էլ դրական չէ։
Մամուլում քննադատվում է Արարատ Միրզոյանի և նրա ղեկավարած պատվիրակությունների այցերը տարբեր երկրներ։ Այդ այցերը կնքվել են «վոյաժներ» եզրույթով։ Հոկտեմբերի 20-22-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած 16 հոգանոց պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ է մեկնել։ Մամուլը բազմիցս գրել է, թե մեկ պատգամավորի հաշվով որքան է կազմում գործուղման մեկ օրը՝ ներառյալ ավիատոմսերի արժեքը։ ԱՊՀ պետությունների դեպքում 1000-2000 դոլար, եվրոպական երկրների դեպքում թիվը կրկնակի, եռակի աճում է։Շարունակվում են Մելինե Դալուզյանի շուրջ քննարկումները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է, որ Մելինե Դալուզյանի ինքնասպանության փորձի մասին լուրը գյումրեցիների համար նորություն է եղել, քանի-որ Մելինե Դալուզյանը Գյումրիում խնդիրներ չի ունեցել, ընկերուհուն է տարել դասի, սովորել է տեղի համալսարանում։ Համբարյանն անդրադառնալով ԱԺ ամբիոնից այս հարցի քննարկմանը, գրել է. «Եկեք սկսենք նրանից, թե արդյո՞ք Ազգային ժողովի գլխավոր ամբիոնը 10 րոպե պետք է օգտագործել շինծու հարցի պատասխանելու համար, որովհետև շատ լավ տեսանք, թե ով էր այդ հարցի հեղինակը, Արարատ Միրզոյանն էր։ Այստեղից հետևություն, որ այդ հարցուպատասխանին նախօրոք էին պատրաստվել, պատասխանը նախօրոք գրված էր պարոն Փաշինյանի մոտ»։Վերլուծականներից մեկում Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ԱԺ ամբիոնից գունավոր ծուխ բաց թողնելը կապվել է ԼԳԲՏ համայնքին սատարելու հետ։
Նշվում է, որ «Իմ քայլը» դաշինքը մի քանի օր առաջ տապալել է այն օրինագիծը, որով Արարատ Միրզոյանը պետք է դառնար Ազգային անվտանգության խորհրդի անդամ և նշվում է, որ դա հարված էր Արարատ Միրզոյանին։ Մամուլում նշված է նաև, որ այս դեպքը Արարատ Միրզոյանը փորձում է կապել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ և ողբերգություն չի համարում։
Վերջերս անցկացված սոցհարցումներից մեկի համաձայն, Արարատ Միրզոյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից մեկն է համարվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը