Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ 360 համազգեստի հանձնման արարողությունը ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը՝ կազմակերպված ՄԱԿ Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի եւ հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ՝ Ռուսաստանի ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային պոտենցիալի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում։
ԱԻՆ հրշեջ ծառայությանը և շրջակա միջավայրի նախարարությանը համազգեստների հանձնման արարողության ժամանակ ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ ԱԻՆ-ը հնարավոր է՝ շուտով հրդեհները մարելու համար մեկ կամ մի քանի ինքնաթիռ ձեռք բերի։
Նախարարի խոսքով՝ հրդեհների աննախադեպ քանակը ԱԻՆ-ի և շրջակա միջավայրի նախարարության ավելի սերտ համագործակցության պատճառ է դարձել:
Անդրադառնալով հրդեհներին՝ ԱԻ նախարարը նշեց, որ դրանք նվազել են, սակայն դեռեւս կան: «Հուսով ենք, որ կանխատեսվող տեղումները կմեղմեն իրավիճակը»,- ասաց նախարարը:
Ռուսաստանի ֆինանսավորած ծրագրի շրջանակում փոխանցված հակահրդեհային համազգեստները եւ հատուկ մեքենաները կբաշխվեն ԱԻՆ-ի եւ «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ։ Այս մասին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Գրիգորյանն ընդգծել է նաեւ ԱԻՆ եւ «Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձի բարձրացման կարեւորությունը, որոնք իրենց կյանքը ենթարկում են վտանգի հրդեհները մարելիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը