19 11 2019

Նիկոլ Փաշինյանը՝ Նժդեհի հարցով հայերի և ռուսների հակասական կարծիքների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Նժդեհի հարցով հայերի և ռուսների հակասական կարծիքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք Նժդեհի անձի վերաբերյալ հայերի ու ռուսների մի մասի միջև հակասական կարծիքներին վերջ տալու համար համատեղ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել պատմությունը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում երբեք չեմ առնչվել այդ հարցի հետ, գործ չեմ ունեցել այդ հարցի հետ, և երբեք մեր հարաբերություններում, բանակցություններում ու զրույցներում չեմ լսել այդ մասին մեր ռուս գործընկերների կողմից: Անկեղծ ասած, մտածում էի, որ այդ հարցը Ադրբեջանի հետ մեր օրակարգում է առկա, որովհետև առաջին անգամ, երբ ես այդ հարցի հետ անակնկալ կերպով առնչվեցի, տեղի ունեցավ Աշխաբադում՝ ԱՊՀ Գագաթնաժողովի ընթացքում: Ինձ համար անակնկալ է, որ այդ հարցն առկա է նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների օրակարգում: Ռուս մեր գործընկերների հետ շփման ընթացքում որևէ մեկի կողմից, երբեք Գարեգին Նժդեհի անունը չի շոշափվել: Դուք ասում եք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք. տարօրինակ կլիներ, եթե մենք Ռուսաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծեինք, որպեսզի ուսումնասիրեինք մեր սեփական պատմությունը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին պատմել է, թե երբ է հայոց պատմության մեջ հայտնի դարձել Նժդեհի անունը:

«Աշխաբադում ես շատ խոսեցի այդ մասին: Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից սկսած, երբ այդ հերոսամարտի արդյունքում 1918թ. հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդ հերոսամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը, նրանք միասին մարտնչել են իրենց հայրենիքի համար: Գարեգին Նժդեհն ու Հովհաննես Բաղրամյանը, որպես մեր պատմության մեծ դերակատարներ, ունեն նույն սկզբնաղբյուրը: Նրանք մարտնչել են Հայաստանի, հայերի համար: Նրանք արել են ամենը, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ