Top-news.am-ը գրել է. «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը ծանր տարան իշխանության ներկայացուցիչները, նրանց աջակիցներն ու նրանց տիրույթում գտնվող լրատվամիջոցները, այդ թվում և Հանրային կոչվող հեռուստաալիքը:
Հայհոյանքներ, վիրավորանքներ սոցիալական ցանցերում, վիրավորանքներ և ծաղրանք անգամ Հանրային հեռուստաալիքի կողմից: Ընդամենը մեկ համաժողով և այսքան բուռն և ցածրակարգ արձագանք:
Գործին լծվեցին իշխանությունների հաշվեկշռում գտնվող բոլոր ուժերը: Տխուր է այս ամենը, մտահոգիչ, որ ընդամենը մեկ ակումբի մեկ համաժողովը այսքան տագնապ ու անհանգստություն հաղորդեց կառավարող ուժին: Այնպիսի տպավորություն է, որ նրանց անհանգստացնում է իրենց ազդեցությունից դուրս գտնվող ցանկացած քաղաքական ուժի քիչ թե շատ ակտիվություն:
Ի դեպ, վերևից, թե մեկ այլ տեղից իջած հրահանգով անդադար շեշտվում է, թե հավաքվել են իրենց դարն ապրած քաղաքական գործիչները: Սա ևս մի պնդում է, որը լուրջ քննադատության չի դիմանում: Եթե չեք կիսում այս կամ այն մարդու, այս կամ այն ուժի քաղաքական դիրքորոշումը, մոտեցումները, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանց պետք է վիրավորեք, դարձնեք թշնամի: Սա հետամնացության պարզ օրինակներից մեկն է:
Եթե սա է իշխանությունների և նրանց աջակցությունների իրական դեմքը, ապա մեր երկիրն իրոք լուրջ խնդրի առաջ է կանգնած: Եթե Հանրային հեռուստաալիքը մարդկանց ծաղրում է միայն մեկ համաժողովի մասնակցելու համար, ապա իրոք մենք լուրջ խնդրի մեջ ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը