14 11 2019

Ավտորիտար համակարգի վերականգնման գործընթացը սկսված է․ քաղաքագետ․ Politecomomy

Ավտորիտար համակարգի վերականգնման գործընթացը սկսված է․ քաղաքագետ․ Politecomomy

Politeconomy.org-ը գրում է․

«Նույնիսկ լավագույն կուսակցությունն իրենից

ներկայացնում է դավադրություն՝ ազգի մնացած հատվածի դեմ»։

Ջորջ Գալիֆաքս

Հայաստանի գործող իշխանությունները, կարծես թե, փորձում են միահեծան իշխանության բուրգ կառուցել։ Կառավարության, նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների մի զգալի մասում մարդկանց ազատում են աշխատանքից և նշանակում իրենց լոյալ կադրերին։ Մի կողմ դնենք այդ գործընթացի օրինականության հարցը և փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում կամ ի՞նչ է դա նշանակում։

Ռուսաստանի կուսակցությունների մասին Ռուսաստանի նահանգապետերից մեկի խոսքը դարձել է թևավոր․ «Ուզում էինք նոր կուսակցություն ստեղծել, բայց վերջում, ինչպես միշտ, ստացվեց ՍՄԿԿ (կոմունիստական կուսակցություն)»։ Ակնհայտորեն նա նկատի ուներ ՍՄԿԿ-ի կենտրոնացված, աստիճանակարգված կառուցվածքը, անհատական նախաձեռնություններից զուրկ կուսակցականներին, բոլորի միաձայն քվեարկությունները, այսինքն՝ ունիտար կառույց՝ կազմված կամազուրկ, կամակատար կարիերիստներից։

Մինչ իշխանափոխությունը Հայաստանի կուսակցությունները, մեծի մասամբ, ոչ թե երկրի զարգացմանը միտված կառուցներ էին, այլ իշխանությունը գրավելու և այն պահելու գործիքներ, որտեղ որոշումներն ընդունվում էին ոչ թափանցիկ եղանակով, իսկ ընտրությունները՝ «ձայն բերելու» մրցավազքի էին վերածվել: Ինչ նպատակի համար ստեղծվում են կուսակցություններ, այդ նպատակին էլ ծառայում են։ Այս ամենը վերաբերում էր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասին։

Հայաստանում զանգվածների ճնշմամբ կատարվել է իշխանափոխություն, սակայն չկան այն հուսադրող համակարգային և հոգեբանական փոփոխությունները, որոնք հույս կներշնչեն, որ ապագայում ևս նույնը չի շարունակվի։

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում պետական ապարատը և ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունն՝ իշխող կուսակցությունը, միմյանցից հստակորեն տարանջատված են։ Իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքները պաշտպանված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից։

Նման երկրներում տարանջատված են ոչ միայն իշխանության ճյուղերը, այլ պետական ապարատը՝ իշխող կուսակցությունների ամենաթողությունից։ Այս առումով պետք է տարանջատել «իշխող կուսակցություն» հասկացությունը, որը հատում է պառլամենտական կառավարման մոդելի երկրներին, «իշխանության կուսակցություն» հասկացությունից, որը բնորոշ է ավտորիտար երկրներին, երբ կուսակցությունը իրենով է անում կառավարման ողջ համակարգը։

«Իշխանության կուսակցությունը»՝ նախկին ՍՄԿԿ-ի ոճով, հակառակը՝ ձևավորվում է հենց իշխանության ներսում, ինչը բնորոշ է մասնավորապես նախկին խորհրդային երկրներին և ունի պատմական պատճառներ։ Մենք մի դեպքում գործ ունենք պառլամենտական տիպի կուսակցությունների հետ, իսկ մյուս դեպքում՝ ավտորիտար։

Կայացած պառլամենտական կառավարման մոդելի երաշխիքներն են իշխանության ճյուղերի տարանջատումը, անկախ դատական համակարգը, սակայն ամենակարևոր երաշխիքը, որն անիմաստ է դարձնում իշխող կուսակցության ներթափանցումը պետական հաստատություններ, դա սեփականության իրավունքի անսասան պաշտպանվածությունն է։

Իշխանության կուսակցության հիմնական առանձնահատկությունը հենց անվանման մեջ է արտահայտվում։ Իշխանությունը ձևավորում է կառավարման բուրգը, որը տարածվում է մինչև ամենահեռավոր գյուղը, վերահսկում է անգամ հավաքարարների կադրային բազան։

Նման երկրներում կառավարման համակարգը պարբերաբար հայտնվում է գաղափարական ու քաղաքական վակուումում, ինչը ճգնաժամի է հանգեցնում։ Դրանք արտակարգ իրավիճակներ են, որոնց հետևանքով տեղի են ունենում քաղաքական ցնցումներ։ Օրինակ՝ 1998-ին, երբ խորհրդարանում տեղի ունեցավ հայտնի «առնետավազքը», և փոխվեց իշխող պառլամենտական ֆրակցիան, Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ։ Նման ցնցումների դեպքում, երբ իշխանության կուսակցությունը կորցնում է գործադիր իշխանության նկատմամբ իր վերահսկողությունը, այն միանգամից փլուզվում է։

Կարճ ասած, «իշխանության կուսակցությունը» ձևավորում է իշխանական էլիտան իշխանությունը պահելու և վերարտադրելու համար, իսկ մյուս կուսակցությունները կատարում են հաճախորդների դերակատարությունը՝ հանրության մոտ քաղաքական կյանքի տպավորություն ստեղծելու ու վերահսկողության տակ պահելու համար, իսկ պետության ողջ լծակները ներդրվում են կուսակցության նպատակների համար։ Այսպիսի մոդելում կարևոր է ուժեղ և անփոփոխ առաջնորդի գոյությունը, որը տարբեր կլանների տրոհված համակարգի երաշխավորի և դատավորի դերը կատարի։

Պատահական չէ, որ այն երկրներում, որոնց համակարգի հիմքը իշխանության կուսակցությունն է, կարևորվում է ավտորիտար առաջնորդի դերը։ Այսպիսի համակարգերը հիմնված են ստվերային պայմանավորվածությունների վրա, որը ոչ հրապարակային եղանակներով է ձեռքբերվում։ Նման պայմանավորվածությունների ժամանակ կարևոր է դառնում այն կենտրոնական սուբյեկտը, որը այդ պայմանավորվածությունների երաշխավորն է։ Առանց երաշխավորի՝ պայմանավորվածությունները դադարում են դեր կատարել և համակարգը փլուզվում է։ «Մերժիր Սերժին» նշանակում էր մերժիր այդ բոլոր պայմանավորվածությունները։

Նախկին համակարգի սուբյեկտները անտեր էին մնացել, և նրանք ստիպված էին որոնել նոր տեր, ում հետ պետք է պայմանավորվածությունների մեջ մտնել։ Այլ կերպ նրանք սովոր չեն ապրել։ Համակարգում յուրաքանչյուր ոք գիտի իր տեղը և յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր խոսք պետք է սանկցիավորվի, պետք է բարձր թույլատրություն։

Ժողորդավարական երկրներում մարդիկ սովոր են ապրել օրենքով, սակայն իրենց գործողությունների համար ոչ ոքից թույլտվություն չեն հարցնում։

Դատարանների նկատմամբ շարունակվող հարձակումները, ՍԴ-ին հայտարարված պատերազմը, ԱԺ-ում իշխող կուսակցության միաձայն քվեարկությունները, իշխանության կողմից սիրելի և անընդունելի խոշոր գործարարների խմբերի տարանջատումը ցույց են տալիս, որ Հայաստանում սկսված է նախկին ավտորիտար համակարգի վերականգնման գործընթացը։

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ

Հոդվածի 2-րդ մասն՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ