11 11 2019

Ռոբերտ Քոչարյանը կրկին սթափության կոչ է անում․ Top-news.am

Ռոբերտ Քոչարյանը կրկին սթափության կոչ է անում․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Կասկածից վեր է, որ եթե ազատությունից ապօրինաբար զրկված մարդը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվելով կալանավայրում կրկին ու կրկին հանրությանը, իշխանություններին սթափության կոչ է անում, հորդորում չանել անուղղելի սխալներ, ապա իրոք մտահոգվելու եւ իրավիճակն առավել սթափ գնահատելու խնդիր ունենք:

Անշուշտ, կարող ենք ոմանց նման, Փաշինյանի մոտ միավորներ հավաքելու համար ասել, թե ով կասկածի տակ է դնում կառավարության քաղաքականությունը դավադիր ուժի ներկայացուցիչ է, բայց այդկերպ մենք միայն կվնասենք եւ երկրին եւ ժողովրդին եւ անգամ կառավարությանը:

Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ կործանարար է թույլ տալ, որ արտաքին ուժերը Հայաստանում, մեր ժողովրդի, մեր երկրի հաշվին պարզեն իրենց ուժերի հարաբերակցությունը: Սա այնքան պարզ ճշմարտություն է, որը ներկա իշխանությունները, ցավոք, չեն գիտակցում: 

Ստացվում է, որ մենք անգամ մեր սխալներից չենք կարողանում դասեր քաղել, առավել եւս այլոց սխալներից: Վերցնել ու հենց այնպես բարդացնել, վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքի իրականացումն է: Ռոբերտ Քոչարյանը ստիպված է մեկ անգամ եւս այս մասին բարձրաձայնել:

Այսօր մեր երկրի, մեր ժողովրդի համար խնդիր է, որ իշխանության ղեկին են հասել մարդիկ, որոնց մեծ մասը որոշ ժամանակով դասընթացներ են անցել Ֆլեթչերի համալսարանում, ներծծվել հակառուսական գաղափարներով, կեղծ արեւմտյան արժեքներով, որոշակի վերաբերմունք ձեւավորել Ռուսաստանի նկատմամբ եւ այսօր հասկանալով, որ իրենց իսկ շահերից ելնելով չպետք է կտրուկ փչացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ, ընկել են բավական անհեթեթ վիճակի մեջ:

Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ նկատում է, որ այս ամենը, այս իրավիճակը երկար չի կարող տեւել: Իրոք, Ռուսաստանի անվստահությունը ժամանակին Պուտինի դեմ ցույցերի մասնակցածներից բաղկացած կառավարության նկատմամբ խորանալու է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:  

Եւ ունենալ Արցախի խնդիր ու այսպես վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում ենք, առնվազն կոպի սխալ է: Պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում: Բաքուն օգտվում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններից, քայլերից եւ արդեն հայկական կողմին մեղադրում ապակառուցողական գործունեության մեջ, ինչը տարիներ շարունակ հայկական կողմն էր հաջողությամբ անում:

Ռոբերտ Քոչարյանը հանրությանը սթափության կոչ է անում, բայց առաջին հերթին քաղաքական էլիտային, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, ցավոք, կորուստներն անխուսափելի են լինելու: Ի վերջո, շասրունակական գիտակցված կամ անգիտակից սխալները հանգեցնում են մի մեծ եւ կոպիտ սխալի: Այս մասին է, որ պետք է մտածենք, եւ ոչ թե կրավորական դիրք ընդունելով նպաստենք պետության թուլացմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ