Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է վերջին օրերի աղմկահարույց թեմաներին՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը, ՀՅԴ-ականների նստացույցին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Կից նա գրել է․
«Միհրան Հակոբյանի հետ այսօր այցելեցի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։ Վստահ եմ՝ շատերդ եք այս օրերին հետևել նրանց կողմից նախաձեռնաց բողոքի ցույցի ընթացքին։ Տեսել նրանց մտահոգությունն ու զգացել երկրի ապագայի մասին նրանց պատասխանատվության բարձր աստիճանը։Այդ երիտասարդները, ում ԿԳՄՍ նախարարն անդաստիարակ ու հետադիմության առաջամարտիկ է համարում, շատ կոնկրետ հարցեր ունեն։ Նրանք ուզում են հասկանալ, թե ինչու՞ է հայկական պետությունը սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարելու գումար հատկացնում։ Ինչու՞ է հայկական պետությունը ցանկանում դուրս մղել հայոց լեզու/պատմություն առարկաները բուհական որոշ մասնագիտությունների կրթական ծրագրից։
Ուզում են հասկանալ, թե ի՞նչ ուղերձներ է հղում ՀՀ Կառավարությունը քաղաքացիներին ու երիտասարդ սերնդին։ Իրավունք ունեն։ Պիտի իմանան։Փոխարենը սակայն, նրանց մոտ այլ հարցեր է ծագում։ Օրինակ, վարչապետ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ հայերը կովկասցի են և ուրեմն ոչինչ, որ ԿԳՄՍ նախարարը սոցիալական ցանցերում փողոցային լեզվով է գրառումներ անում։ «Ո՞նց», - հարցնում էին այսօր նրանք մեզ։ Հարցնում էին նաև, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ է Արայիկ Հարությունյանը արգելում դաշնակցականներին «ընդհանրապես խոսել կրթության մասին»։Ուսանողներն իսկապես շփոթված էին։ Վարչապետի հետ անմիջական շփումը հիասթափեցրել է նրանց։ Դրա համար էլ պարզ հայտարարում են՝ Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ այլևս չունեն։ Պահանջը մեկն է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարական և այդ ոլորտում Կառավարության քաղաքականության վերանայում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը