08 11 2019

Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան. Factor.am

Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան. Factor.am

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որևէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: Այս մասին նա նշել է  Factor.am-ին տված հարցազրույցում. «Որևէ պատճառ չեմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: Սա ընտրովի պաշտոն է, ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով: Այս մեկ տարում հայկական ֆուտբոլն ունեցել է տեսանելի հաջողություններ: Ես կմտածեմ հրաժարականի մասին, եթե թերանամ իմ աշխատանքում»,-ասել է նա:

Նա անդրադարձել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում ծաղկի շուկան իր անվան հետ կապելուն՝ նշելով. «Իմ անունը չգիտես ինչու կապում էին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում ծաղկի շուկայի հետ: Բոլոր վերնագրերն սկսվում էին իմ ազգանունով, մինչև եկավ այն պահը, երբ ոստիկանությունը հանդես եկավ հաղորդագրության»:

Իր վերաբերյալ տարբեր տեսակի լուրերի տարածման առնչությամբ նա նշել է. «Իմ հրաժարականից հետո և դրանից որոշ ժամանակ առաջ որոշ շրջանակներ տեղի-անտեղի, իրական, թե անիրական, լուրեր են տարածում իմ մասին, բայց չկա մեկ դեպք, որ այդ լուրերը ստանան իրենց հաստատումը: Եթե այդ լուրերը ճիշտ լինեին, ես այսօր այստեղ չէի լինի, այլ առնվազն մի քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ:

Ես միշտ ասել եմ, որ ԱԱԾ-ին սկսել են սիրել և վստահել, դա եղել է ամենամեծ ձեռքբերումը, որ ես կարողացել եմ ունենալ որպես ԱԱԾ տնօրեն: ԱԱԾ-ն դարձել է ժողովրդի բարեկամը»:

ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաև ԱԱԾ-ում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Ես որևէ կասկած չունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում եղած լինի: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ ազնիվ ու պատվով»:

Դիտարկմանը, որ «Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել և դրանք Վանեցյանի հոեղբոր տղաների հետ փոխկապակցված անձինք են, Վանեցյանն արձագանքել է. «Եթե կան փաստեր, որ իմ գործունեության ընթացքում օրենքների խախտմանը կամ իմ պաշտոնական դիրքը չարաշահելով այս կամ այն պրոցեսի վրա ազդեցություն ունենալուն, պատրաստ եմ համագործակցել իրավապահ համակարգի հետ և տալ ամբողջական տեղեկատվություն: Կոնկրետ դեպքի հետ կապված ես և իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի բաժնեմասի սեփականատերեր չենք հանդիսանում: Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս և մայրս որևէ առնչություն չունենք այդ կոմբինատի հետ: Ես նաև հերքում եմ հորեղբորս տղաների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»:

Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև իր հավանական ձերբակալությանը. «Ինչի՞ համար ձերբակալեն: Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն: Ես չեմ արել մի բան, որն օրենքից դուրս է: Չեմ արել մի բան, որի համար ես կամաչեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ