07 11 2019

Հայ ազգի ապագան վտանգի տակ է․ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Հայ ազգի ապագան վտանգի տակ է․ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և «Հանուն Արցախի»  համազգային շարժման գրասենյակը հայտարարություն են տարածել, որում նշվում է․

«2018 թվականից Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքների մասին բազմիցս ենք ահազանգել: Այսօր Հայաստանում ընթացող ապազգային  գործընթացները մշուշ են սփռել մեր հայրենիքի ապագայի վրա՝ խաթարելով ազգային արժեքների վրա հիմնված  հասարակություն կառուցելու տեսլականը:

Դրա վառ ապացույցն է ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հակահայ կեցվածքը՝ դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը, բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, նույն նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը):

Նման գործելաոճի շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգը, ազգային մշակույթը և ընդհանրապես՝  հայ ազգի ապագան: Ակնհայտ է, որ այս ապազգային քաղաքականության դեմ հայ ազգը պետք է ընդվզեր, և հատկապես երիտասարդությունը, որի վկան ենք մենք այսօր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ իրենց բողոքը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ հայտարարելով անժամկետ նստացույց: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Հանուն Արցախի»  համազգային շարժումը և անձամբ ես ողջունում ենք այս երիտասարդական ազգային շարժումը և կոչ անում երիտասարդներին համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ և դիմագրավել ցանկացած հակահայ և ապազգային գործընթացներին»,-նշված է հայտարարության տեքստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ