06 11 2019

Ստորագրահավաքները վկայում են, որ Քոչարյանի ազատությունը դառնում է համընդհանուր պահանջ․ Լիա Իվանյան

Ստորագրահավաքները վկայում են, որ Քոչարյանի ազատությունը դառնում է համընդհանուր պահանջ․ Լիա Իվանյան

Սխալվել կարող են բոլորը, հատկապես երբ կողքիններդ վատ խորհուրդներով և սին հավաստիացումներով քեզ սխալ ընթացք են թելադրում։ Տվյալ դեպքում նկատի ունեմ Փաշինյան Նիկոլի կողմից ՀՀ երկրորդ նախագահի և բարձրաստիճան մյուս անձանց դեմ սանձազերզված դատը։ Անտարակույս, իրավաբաններն են մասնագիտական խորհուրդները տվել․․․ Բայց հարցն էլ հենց այն է, թե մասնագիտական ու մարդկային ի՞նչ որակներ են ունեցել նրանք, որ կազմել են ակնհայտորեն թքած-կպցրած մեղադրանքներով այս գործը։ Չնայած, եթե խորհրդատուների թվում եղած լինի օրինակ ՍԴ շուրջ «մի բաժակ ջրում փոթորիկ սարքած» Վահե Գրիգորյանը, ուրիշ բացատրություններ այլևս պետք չեն։

Որովհետև այնպիսի թնջուկ է սարքել սույն պարոնը, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ «Վարչապետն ասել է, որ Լոնդոնից Հայաստան են հրավիրել բավականին լուրջ կշիռ ունեցող մի իրավաբանական փորձագիտական խումբ, որպեսզի ստեղծված իրավիճակին իրավական ճիշտ հանգուցալուծում տրվի»։ Ահա թե ինչ կարող են անել սխալ խոհրդատուների սխալ խորհուրդները։ Իսկ մեր հայրենական բարձրակարգ իրավաբանները, կետ առ կետ հիմնավորելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի սնանկությունը, ոչ միայն միջազգային կառույցների ուշադրության առարկա դարձրեցին տեղ գտած ապօրինությունները, այլ որ շատ ավելի կարևոր է՝ ժողովրդին սթափեցրին։ Ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան, որ ՀՀ երկրորդ նախագահը որևէ հանցանք չի գործել, և գնալով ավելանում են նրան աջակցողները։ Այդ են վկայում Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաքները։ Հոկտեմբերի 7-ին նախաձեռնած առաջին ստորագրահավաքին միացել էին հասարակական և քաղաքական գործիչներ, մտավորականներ, սպորտսմեններ, որոնց թիվը մի քանի օրում գրեթե եռապատկվեց։

Հոկտեմբերի 26-ից՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի մեկնարկեց «Հաղթանակ» շարժման նախաձեռնած համահայաստանյան ստորագրահավաքը Հայաստանի մարզերում, իսկ նոյեմբերի 4-ից՝ Արցախում սկսվեց ստորագրահավաք։ Զուգահեռ ընթանում է նաև առցանց ստորագրահավաք։

Դատելով Կոտայքի մարզում «Հաղթանակ» շարժման դեմ սադրիչների ծանոթ ձեռագրով գործուղություններից՝ իշխանությունների համար անսպասելի էին ստորագրահավաքին միացողների թիվը։ Միայն մեկ թիվ ներկայացնենք՝ առցանց տիրույթում ստորագրությունները նոյեմբերի 6-ի կեսօրվա դրությամբ 22 776 են, ընդ որում՝ միացողների թիվն աճում է ոչ թե տասով կամ քսանով, այլ հարյուրներով։ Այս ստորագրահավաքները վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը դառնում է համընդհանուր պահանջ։ Ավելին՝ նշանակում է, որ մարդիկ գիտակցեցին, որ սա մեկ անձի ազատությանն ուղղված շարժում չէ, այլ պետության ողնաշարը պահելու խնդիր է։

«Միացի՛ր» շարժումը կարող է վերածվել համահայկական շարժման, քանի որ բացվել են շատերի աչքերն ու ականջները՝ կշտացած իշխանությունների անվերջանալի ստերից ու ճղճիմ խորամանկություններից։ Մարդիկ հասկացան, որ Քոչարյանը չէ՛ համայն հայության մեղավորը․ նա չէ՛ Ամուլսարն ու Ստամբուլյան կոնվենցիան պարտադրողը, նա չէ՛ հայագիտական առարկաների դերի նսեմացնողն ու դպրոցներում եկեղեցու պատմության դասավանդումն արգելողը, նա չէ՛ նախարարների աշխատավարձը թաքուն կրկնապատկողը, նա չէ՛ պետական բյուջեի հաշվին շքեղություններ վայելողը․․․

Նա մեկուսացված է, և մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել։ Ասենք, փնտրելու հարկ էլ չկա․ ունենք գործադիր և օրենսդիր, որոնց համար պետականության գիտակցումը սեփական «ես»-ի ընկալումից դենը չի անցնում։ Սխալվել մարդկայնորեն կարող են բոլորը, բայց դրա իրավունք չունեն պետության ղեկավարները․․․ դրա համար էլ շրջապատում են իրենց խելամիտ ու քաջատեղյակ կադրերով։

Պետության ղեկավարն իրավունք չունի նաև ժամանակին հետ չկանգնել կատարած սխալից, այլ շարունակել նույն սխալը՝ ավելի ու ավելի խորացնելով այն։ Ի վերջո, հենց ինքը զոհ կդառնա ուրիշների կողմից թելադրված և իր կողմից իրագործած սխալին։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ