03 11 2019

ԼՂ հարցում ընդունելի որոշումը կարող է կայացվել նաև հանրաքվեի միջոցով. վարչապետ

ԼՂ հարցում ընդունելի որոշումը կարող է կայացվել նաև հանրաքվեի միջոցով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԼՂ խնդրին և հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին։

Նա նշեց, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։

«Այլ կերպ ուղղակի չի կարող լինել։ Այս թեմայով շահարկումները ծիծաղելի են։ Ես ասել եմ, որ աշխատանքային տարբեր հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ․․․ Ես հաճախ եմ քննարկում ունենում Արցախի իշխանության, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, և վերջին օրերին էլ ենք այդպիսի քննարկում ունեցել»,- նշեց նա։

«Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում, լարվածության կտրուկ և էական անկում ունենք և դա տեղի է ունցել Դուշամբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, թե լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր։

Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ այս հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով,  եթե անհրաժեշտ լինի հանրաքվեի միջոցով»»,- ասաց նա:

«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը։ Եվ ուրեմն այդ պաշտոնանկության վերաբերյալ ինչ-որ ժամանակ շրջանառության մեջ դրվեց մի թեզ, որով ասվում էր՝ քանի որ Դուշանբեում Ալիևը և Փաշինյանը վերելակով որ բարձրացել են, այդ վերելակի մեջ դավադիր պայմանավորվածություններ են եղել և քանի որ Գրիգորի Հայրապետովն է 3-րդ մարդը, որ ներկա է եղել, լսել է այդ դավադրության մասին, իրեն դրա համար աշխատանքից ազատել են։

Եկեք քննենք այդ թեզը։ Պատկերացրեք՝ եթե կա դավադրություն, պատկերացրեք՝ ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ Ալիևի հետ առաջին շփման ժամանակ դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ։ Դուք հասկանո՞ւմ եք սա։ Մարդ, որի հետ անձամբ շփվել եմ 4 ամիս։ Հասկանում եք չէ՞՝ լավագույն պայմանը, որ հենց Ալիևին տեսա, միանգամից՝ դավայ, դավադրությունն ի՞նչ ենք անում, ու դա անում ենք Գրիգորի Հայրապետովի ներկայությամբ։ Բայց եթե նույնսիկ էս ա, դրանից հետո ես նրան պետք է ոչ թե պաշտոնից ազատեի, այլ պինդ պահեի, որովհետև ինքը երբ զինվորական ենթակայության ներքո է, նրա լռությունն ինչ-որ ձևով կարող եմ ապահովել, իսկ երբ ազատ մարդ է, կարող է երբ ուզի, որտեղ ուզի, խոսի»,- նշեց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ