02 11 2019

Շրջայց՝ ՀՀ թիվ 1 նոր վերանորոգված առանձնատանը․ ի՞նչ է փոխվել

Շրջայց՝ ՀՀ թիվ 1 նոր վերանորոգված առանձնատանը․ ի՞նչ է փոխվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ Հանրապետության թիվ մեկ առանձնատանը և իր ընտանիքի հետ առնչվող տեղեկություններին, որոնք վերջերս տարածվել են։

«Տրամաբանական կլինի, որ դրանց մի  մասին անդրադառնանք, մասնավորապես այն անհեթեթ լուրը, որ Աննա Հակոբյանը իբր պետական ինքնաթիռն օգտագործել է որեւէ նպատակով: Դա անհեթեթության գագաթնակետն է, որովհետև Աննան առանց ինձ այդ ինքնաթիռ որեւէ անգամ ոտք չի դրել եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը նրան կթողնի իրեն 100 մետր շառավղից մոտենալ դրան»,-ասաց վարչապետը: Նա ցուցադրեց այն առանձնատունը, որտեղ վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ միասին: Այդ առանձնատանն ապրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Փաշինյանը նշեց, որ հակառակ տարածվող բազմաթիվ լեգենդների, թե առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, որևէ կոպիտալ ներդրում տեղի չի ունեցել. «Մենք որեւէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները, որեւէ պատ չի քանդվել, որեւէ սենյակ չի ավելացել: Այսինքն ինչ եղել է, շարունակել է մնալ:

Գույնն է փոխվել: Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքը լքել է այս տարածքը, բացի ներկառուցված կահույքից ոչ մի բան չի մնացել, այսինքն աթոռ, սեղան: Այս ընթացքում այն կահույքը, աքսեսուարները, որոնք «Կոնդ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, պահեստներում եղել են, օրինակ, «Ռոյալ»-ը, որ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղել են, գտել բերել ենք: Ինչ-որ բաներ էլ ձեռք է բերվել»,-ասաց Փաշինյանը:

Ներկայացնելով աշխատասենյակը, որտեղ կային հեղափոխական մոտիվներով արձանիկներ, նա կատակեց․ «Այստեղ մի փոքր անձի պաշտամունքային անկյուն է»։

Վարչապետը նշեց, որ ավելացված կահույքը հայկական արտադրության է։ Նա ներկայացրեց գինիների մառանը, վարսավիրանոց-սենյակը։

Անդրադառնալով խոսակցություններին, որ առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, Փաշինյանն ասաց, որ ամեն ինչը հաշվի առնելով, առնվազն 10 անգամ ավելի պակաս գումար է ծախսվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ