Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին․
«Միշտ փորձում եմ զուսպ լինել գնահատականներ տալուց, որպեսզի չվիրավորեմ անգամ տգիտությամբ հպարտացող մարդուն:
Սակայն, պահ է գալիս, երբ հուզականությունը դեն է շպրտում կոռեկտ լինելու պարտադրանքը:
Հիմա ստիպված եմ հարց տալ Զոհրաբ Մնացականյանին՝ Դուք խու՞լ եք, պարոն նախարար: Կարո՞ղ է Դուք չեք լսում, թե ինչ են ասում Ձեր եւ մեր ախոյանները եւ ի՞նչ եք պատասխանում Դուք՝ հպարտ Հայաստանի հպարտ արտաքին գործերի նախարարը:
Բաքվում թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Ալիեւը, ի թիվս այլ մեր հասցեին ուղղված «մեղադրանքների», հայտարարում է, որ Զանգեզուրի զիջումը պառակտել է թուրքական աշխարհը: Սովորական քաղաքացին, այդ թվում՝ լրագրողը, կարող է չըմբռնել ասվածի խորքային էությունը: Իսկ Դու՞ք:
Ալիեւը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանին, իսկ Դուք լռում եք, Չեք լսու՞մ: Եթե լսում եք եւ չեք դիմում գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա….
Էրդողանը <<ալլահի>> արեւով երդվում է, թե բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, վերականգնելու համար: Դուք ընդամենը հայտարարում եք, թե դատապարտելի են նրա ասածները: Ասածի բուն էությունը պարզ չէ՞ր:
Մի քանի օր անց Բաքվում մի այլ, ոչ պակաս կարեւոր իրադարձություն է կատարվում: Չմիացման շարժման երկրների կազմակերության (120 անդամ-երկիր) 18-րդ գագաթաժողովի փաստաթղթում միահամուռ ընդունվում է կետ, որում Շարժման երկրները դատապարտում են ՀՀ զինված ուժերին Ադրբեջանի տարածքները օկուպացիայի ենթարկելու համար: Ավելին, մասնակից երկրներն անհրաժեշտ են համարում կոնֆլիկտի կարգավորումն իրականացնել Ադրբեջանի սուվերենության, տարածքային ամբողջականության եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա:
Ձեր կարծիքով, 120 երկրների կողմից արված հայտարարությունն ընդամենն արժանի է ԱԳՆ ուշացած արձագանքի՞: Առավել եւս, որ Հայաստանն ունենալով դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել այդ, իր կազմով երկրորդը ՄԱԿ-ից հետո, միաջազգային շատ հեղինակավոր կազմակերպության համաժողովին: Ինչու՞: Իսկ ինչպես բացատրել այն փաստը, որ 120 երկրից եւ ոչ մեկը չհրաժարվեց ստորագրել հակահայկական ձեւակերպումների տակ կամ, գոնե, հատուկ կարծիք չհայտնեց: Բա ինչո՞վ էին զբաղված մեր դեսպանությունները, չէի՞ք կանխատեսում, որ Ադրբեջանը գնալու է ցանկացած ստորության, որպեսզի եւս մեկ հարված հասցնի Հայաստանին տեղեկատվական պատերազմում:
Ասուլիսին Ձեզ հարց են տալիս՝ «Ինչու՞, երբ BBC-ի թղթակիցն ասում է, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է, Դուք, մեղմ ասած, տարօրինակ պատասխան եք տալիս՝ «Բայց այնտեղ հայեր են ապրում»:
Պարզվում է, Դուք չեք տիրապետում կամ ավելի շուտ ձեւ եք անում, որ չգիտեք, որ ուրիշ երկրի տարածքում կարելի է կոմպակտ ապրել, բայց ինքնորոշվելու իրավունքն իրականացնել միայն նրա տարածքային ամբողջականությունը չխախտելով: Այսինքն, լավագույնս բարձր ինքնավարություն ստանալով: Որովհետեւ Հայաստանի իշխանություններն առ այսօր այդպես էլ չեն ճանաչել Արցախի օրինական անկախության փաստը Ադրբեջանից: Սրանից էլ մեծագույն նվեր Ադրբեջանին կարելի՞ է պատկերացնել: Քանզի, Ձեր ասածից հետեւում է, որ մենք չենք պնդում, որ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, որ «միացումը» Մայր հայրենիքին ազգային-ազատագրական պայքարի հիմքը չի եղել, որ մենք ոչ թե ազատագրել ենք մեր պատմական տարածքների մի մասը, այլ, ընդամենը, գրավել մեզ չպատկանող հողը:
Ու չզարմանաք, որ Ձեր, միգուցե, անզգույշ հայտարարությունից ես այսպիսի «հեռուն» գնացող հետեւություններ եմ անում:
Մի՞թե Չեք գիտակցում, որ այսկերպ՝ հախուռն, իրարամերժ, հապճեպ հռետորաբանությամբ հարցականի տակ եք դնում ամենագլխավորը՝ Արցախի Հանրապետության ձեւավորման օրինականությունը:
Բազմիցս առաջարկել ենք՝ Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված հայկական կողմի ամբողջական հայեցակարգը դիվանագիտական նոտայի տեսքով ներկայացնել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլեւ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, քանզի որեւէ մեկը պարտավոր չէ հատուկ ուսումնասիրել հիմնահարցի պատմությունն ու իրավական էությունը: Այսօր Չմիացման շարժման գագաթաժողովի Ամփոփիչ հայտարարությունը եւս մեկ հնարավորություն է ոչ թե ելույթով, հարցազրույցով կամ ԱԳՆ հայտարարությամբ, այլ պետության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթով դիմելու աշխարհի պետություններին:
Ինչպես նախորդ իշխանություններին էին անտարբեր ու խուլ այս առաջարկին, այնպես էլ «նոր» Հայաստանի կառավարիչներն են <<սկզբունքային>> լռություն պահպանում:
Ի դեպ, պարոն Մնացականյան, ասուլիսին ասացիք, թե BBC-ին տված Ձեր հարցազրույցով ուզում էիք լայն շրջանակներին հասցնել սկզբունքային դիրքորոշումը: Հիմա Դու՞ք եք լայն շրջանակներին Ձեր ճշմարտությունը ներկայացնում թե՞ Ադրբեջանը, որը կարողացել է իր սուտը որպես միջազգային իրավունքի սկզբունք հրամցնել 120 երկրների ներկայացուցիչներին:
Այսպիսով, նախաձեռնությունը զիջել եք հակառակորդին: Նրանք միջազգային հարթակներում ֆռոնտալ հարձակում են կազմակերպում, Դուք փորձում եք ընդամենը մեղմացնել հարվածների ուժգնությունը: Մի մոռացեք ՝ ցեխ շպրտողը ստիպում է Ձեզ լվացվել, մաքրվել: Եվ վերջինը: Եթե Ձեզ թվում է, որ այս <<պաշտպանական>> հայտարարություններով Դուք ամրապնդում եք երկրի, ներառյալ՝ Արցախի անվտանգությունը, ապա չարաչար սխալվում եք: Երբ Ադրբեջանին հաջողվի իր սուտը որպես ճշմարտություն վաճառել միջազգային հանրությանը, ապա նա առանց վարանելու կանցնի ռազմական գործողությունների: Այդ պարագայում դատափետվողը եւ դատապարտվողը կլինի հայկական կողմը, որը, իբր թե, տարիներ շարունակ չի կատարել ՄԱԿ-ի չորս բանաձեւերի պահանջները:
Հ.Գ. Ասելու եւ առաջարկելու շատ բան կա: Բայց կսահմանափակվեմ այսքանով, քանի որ թշնամուն չի կարելի ասել, թե ինչ քայլերի մենք կարող ենք դիմել, քանի դեռ դրանք արված չեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը