Այսօրվա «ԲՐԻԿՍ և Գլոբալ Հարավ» հանդիպման թեման ավելի լավ աշխարհի կառուցումն է», և այս համատեքստում լավ է ներգրվվում Հայաստանի կառավարության ազդարարած «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային-հաղորդակցային նախագիծը։ Այս մասին ԲՐԻԿՍ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը։
«Նախագծի էությունը հետևյալն է. Հայաստանը պատրաստ է եւ շահագրգռված է իր տարածքում կազմակերպել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխային ուղիների անցում։
Դա ամենակարճ երթուղին է Սեւ ծովով եւ Պարսից ծոցով Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով։ Դա Հյուսիս-Հարավ ուղղությունն է։
Դա նաեւ ամենակարճ երթուղին է Կասպից եւ Մարմարա ծովերի միջեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով։ Դա Արեւելք-Արեւմուտք ուղղությունն է։
Այդ երթուղին կարելի է օգտագործել նաեւ տրանսպորտային-հաղորդակցային կապի համար Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ։
Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկեցինք սահմանային եւ մաքսային վերահսկման պարզեցված մեխանիզմներ, ինչպես նաեւ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովում՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխանության լիակատար հարգումն ու իրավադատությունը։
Հայաստանն ի վիճակի է ապահովել եւ լիարժեք ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումն իր տարածքով։
Դա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, եւ մենք դա երաշխավորում ենք եւ կերաշխավորենք միշտ։
Բոլոր պնդումներն այն մասին, որ Հայաստանն ինչ-որ ձեւով իբր համաձայնել է, որ որեւէ երրորդ երկիր կապահովի հաղորդակցության անվտանգությունն իր ինքիշխան տարածքում կամ որեւէ փաստաթղթով նախատեսված է նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը և խաղաղության պայմանագրին:
«Հայաստանի խորհրդարանը երեկ վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։ Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների վրա։
Կցանկանայի հատկապես ընդգծել, որ այս փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և հանեց բոլոր փաստարկները Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրներին ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ՝ արձանագրելով, որ նման մեկնաբանությունները անհիմն են և ոչ լեգիտիմ:
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և պետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90%-ով։
Արդեն լիովին համաձայնեցվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորությունների, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման վերաբերյալ ձևակերպումները, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծումը։
Արդեն այսօր, համաձայնեցված բովանդակությամբ, համաձայնագրի նախագիծը ձևակերպում, անդրադառնում և լուծում է բոլոր հիմնարար հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ամուր հիմքեր ստեղծելու համար։
Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշել է Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը