29 10 2019

«Անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանին կարող է մեղադրանք առաջադրվել․ Top-news.am

«Անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանին կարող է մեղադրանք առաջադրվել․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝

իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը, այնուհետեւ նույն քրգործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ:

Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է. «Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ:

Մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը, Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն ՀՀ ԱԺ-ում այլեւս «անկախ» պատգամավորի ինստիտուտ գոյություն չունի եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որեւէ խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը»:

Ռ. Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով». «Նման գործընթաց տեղի ունեցավ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հրաժարվելով «Հանրապետական» խմբակցությունից իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին: Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից, նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները»:

Որպես հետգրություն՝ իրավաբանը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում «անկախ» պատգամավորի գոյության անհնարինության օրինական եւ իրավական հիմնավորումները, որոնց հետ կարելի է ծանոթանալ այստեղ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ