22 10 2019

Փաշինյանը կա՛մ արյունով է պահելու իշխանությունը, կամ փախչելու է․ Politik.am

Փաշինյանը կա՛մ արյունով է պահելու իշխանությունը, կամ փախչելու է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման մասին գաղտնի հրամանի հայտնի դառնալուց հետո կրկին հասարակական քննարկման հարթակ բարձրացավ գործող իշխանությունների գնահատականի հարցը։

Առհասարակ ինչ է արել ու ինչ չի արել Փաշինյանի կաբինետն այս անցնող ժամանակահատվածում, արարքների մեջ որն է եղել բարոյական եւ որը «կարմիր գծերի հատմամբ» ինչպես ընդունված է ասել հիմա։

Առհասարակ, իշխանափոխության առաջին շրջանի եւ այժմյան փուլի համեմատությունը նույնիսկ ցույց է տալիս, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շուտ փչացավ։ Շուտ հղփացավ, շուտ կորցրեց հետադարձ կապը ժողովրդի հետ, ու չափազանց արագ մոռացավ ժողովրդավարական արժեքներն ու դրանք ֆորմալ լոզունգների տեսքով միայն պահելով, անցավ մի գործելաոճի, որը շատ ավելի վատն է, քան քրեա-օլիգարխիկ համակարգը, քանի որ այս դեպքում արդեն խոսքը ռեպրեսիվ դիկտատորական հակումների մասին է։

Հետաքրքիր է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից սպանության մեջ մեղադրվող օլիգարխն այժմ իշխանության սիրելին է, առհասարակ օլիգարխատի համար բավական կոմֆորտ գոտի է ստեղծված, եթե իհարկե, հասցրել է դառնալ «յուրային», ու համագործակցել օրինակ Աննա Հակոբյանի հիմնադրամների հետ։

Արդարադատությունից, արդարությունից, վեհ գաղափարներից խոսողների համար շատ դյուրին է դարձել զոռբայությունը՝ դատարանների դռներ փակելը, ընտանիքի անդամների վրա ճնշում գործադրելով ասպարեզից հեռացնելու փորձերը, բանկային գաղտնիքի մասին օրենքի հանդեպ ոտնձգությունները, սարքովի հարուցված քրեական գործերը, ձերբակալությունները եւ այլն։

Տպավորություն է, որ գործող վարչակազմը գործում է «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով ու այնպիսի արագությամբ է ոչնչացնում ամեն բան, չնայելով, որ դրանով նաեւ ժողովրդի հակակրանքն ու զայրույթն է հարուցում, որ ակամա մտածում ես՝ կամ արյունով են մտադիր այս իշխանավորները պահելու իշխանությունները, կամ էլ կիսելու են օրինակ Սահակաշվիլու ճակատագիրն ու դառնալու են քաղաքական տարագիրներ, որովհետեւ ժողովրդական ցասման մի ալիքին կարող է նաեւ հաջորդ, ու ավելի ամեհի ալիքը փոխարինել, որը պարզապես կարող է սրբել տանել բոլորին, ով հանդիպեց ճանապարհին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ