22 10 2019

Վահե Գրիգորյանը չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գևորգ Պետրոսյան

Վահե Գրիգորյանը չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի ձերբակալմանը՝ նշելով, որ դրա հիմքերը խարխուլ են։

«Արսեն Բաբայանի ձերբակալության փաստին իրավական գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ ես հիմքերը պիտի ուսումնասիրեմ, բայց արդեն մի քանի ճանաչված իրավաբաններ հանդես են եկել այն պնդումով, որ 314-րդ հոդվածի առաջին մասով չէր կարող ձերբակալվել Արսեն Բաբայանը, քանի որ այդ հոդվածի նկատմամբ կիրառելի է եղել դեռ անցյալ տարի ընդունած համալրման մասին օրենքը։ Այս առումով արդեն իսկ հիմքերը բավականին խարխուլ են»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ 

«Պետք է տեսնենք, թե իրավապահ մարմինները որքանո՞վ են ճիշտ իրականացնում պետական վարչարարությունը, որ մենք այստեղ փորձենք փնտրել, գտնել կամ չգտնել քաղաքական էլեմենտ։ Բայց իրենք շտապել են գնահատական տալ, երեկ էլ փոխվարչապետը հայտարարել էր, ՍԴ-ի խնդիրը քաղաքական է։ Զարմանում եմ, էտ մարդիկ խորհրդական չունե՞ն, իրավախորհրդատուներ չունե՞ն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ տեսնում է քաղաքական էլեմենտ։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ դատավորի ընտրության պաշտոնը քաղաքական ընտրություն է՝ պատգամավորն ասաց․

«Այդ նույն ինքնահռչակ ՍԴ դատավորը, որը այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին, համենայն դեպս, առայժմ չի հասել, ինքը ընտրվելու օրը հայտարարեց, որ ՍԴ-ի անդամ լինելու ընտրությունը քաղաքական պաշտոն է։ Անձերի դեմ ոչինչ չունենալով, բայց եթե ՍԴ-ի դատավորն ասում է՝ դատավորի ընտրության պաշտոնը քաղաքական ընտրություն է, ապա ես ասելիք չունեմ, դա խայտառակության գագաթնակետն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ