Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ hetq.am-ի, գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է իր կառավարության նախարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը…
Այսպես, եթե նախկինում նախարարները ստանում էին 793 հազար 680 դրամ, ապա սույն թվականի մայիսից պարոն վարչապետի թեթև ձեռամբ սկսել են ստանալ 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարները՝ նախկին 562 հազար 160 դրամի փոխարեն ստանում են 1 միլիոն 60 հազար դրամ, իսկ գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար…
Հարց է առաջանում… Իսկ ինչո՞ւ է արդարության համար պայքարող և թափանցիկ աշխատաոճի կողմնակից պարոն Փաշինյանն իր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների աշխատավարձերը գաղտնի բարձրացնում և այդ տեղեկությունը թաքցնում հանրությունից…
Սա անընդունելի և խիստ դատապարտելի գործելաոճ է…
Անցյալ տարվա գյորմամիշային պարգևավճարներին, որի հետևում կանգնած էր նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այժմ եկան փոխարինելու ոչ միայն այդ նույն պարգևավճարները, որոնցից նախարարները և նրանց ենթակաները չեն հրաժարվել, այլև աշխատավարձերի կրկնակի բարձրացումը պարոն Փաշինյանի յուրայինների համար… Հետաքրքիր է, ինչի՞ համար է պարոն վարչապետն իր գրեթե դիլետանտներից բաղկացած կառավարության անդամներին հասարակության հաշվին հարստացնում… Այսպիսի բան նույնիսկ նախկիններն իրենց թույլ չէին տալիս… Սա, մեղմ ասած, թալան է…
Հ.Գ. Պարոն Փաշինյանը, որքան հասկանում եմ, իր ընկերներին և յուրայիններին արդեն այս տարվա գարնանից նախապատրաստում է 2020 թ. սկզբին սպասվելիք կտրուկ գնաճին, որի պատճառը, ինչպես ասում են, գազի գնի բարձրացումն է լինելու…Այո, հունվարի 1-ից պարոն վարչապետը մի քանի գրոշով (նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման հետ համեմատած) բարձրացնում է մինիմալ աշխատավարձը և թոշակները, որը չի կարող կոմպենսացնել գնաճի պատճառով մարդկանց գրպանին հասցվելիք ուժգին հարվածը…
Սա ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանն առաջնորդվում է սեփական և իր թիմային շահերից դուրս գալով՝ ստորադասելով հասարակության և պետության շահերը…
Ի դեպ, երբ պարոն Փաշինյանն իր facebook-յան էջում բացահայտում է, թե բանակի 20 զորամասում որքան զինվոր է ծառայում, վերջինիս կողմնակիցները հիստերիկ մեկնաբանություններ են անում, որ դա գաղտնիք չէ…
Սակայն, երբ հարցը վերաբերվում է պարոն Փաշինյանի յուրայինների աշխատավարձերին, որոնք գոյանում են, մեր՝ հարկատուներիս հաշվին, դա արդեն գաղտնիք է և հասարակ մահկանացուներիս համար անահասանելի տեղեկատվություն է…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը