Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած քննարկումներին եւ այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարեւորվեց խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, եւ այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձեւաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը