12 10 2019

Ռոբերտ Քոչարյանը կհաղթահարի նաև այս փորձությունը

Ռոբերտ Քոչարյանը կհաղթահարի նաև այս փորձությունը

Top-news-ը գրում է․ «Հայաստանում հաստատված մթնոլորտն այնպիսին է, որ անհեթեթ մտքերի պակաս չի զգացվում: Որքան թանձրանում է այս վտանգավոր մթնոլորտը, այնքան ավելանում են անհեթեթությունները և նոր բնագծեր նվաճում:

Այսպես, կան մարդիկ, որոնց մտքով անցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր վիրահատվել միայն նրա համար, որ դատը մի քանի օրով հետաձգեն: Սա դեռ քիչ չէ, դեռ իրենց թույլ են տալիս այս մասին բարձրաձայնել:

Եվ հիմա ստիպված պետք է այսպես մտածողներին, այս անհեթեթությանը հավատացողներին հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ իննսունականների առաջին կեսին՝ թշնամու մշտական գնդկաոծությկան և հրթիռակոծությկան պայմաններում գտնվում էր Արցախում, գտնվում էր իրադարձությունների կիզակետում:

Դատը մի քանի օրով հետաձգելու համար վիրահատվելու պատրաստ մարդը հաստատ տարբերակ կգտներ ընտանիքի հետ Ռուսաստանում կամ Հունաստանում հայտնվելու համար: 

Ռոբերտ Քոչարյանն իր ընկերների հետ դիմակայել է սովետական ՕՄՕՆ-ին և ադրբեջանական ստորաբաժանումներին, դիմակայել է, երբ գիտակցել է, որ ուժերն անհավասար են:

ՀՀ երկրորդ նախագահն ու իր ընկերները, զինակիցները խրամատներում, ամենավտանգավոր դիրքերում հազար ու մի գործողություն են իրականացրել, որ Երևանում և Գյումրիում, Սիսիանում ու Իջևանում, Վանաձորում ու Արարատում երեխաները դպրոց գնան, ուսանողները՝ համալսարան:

Հիմա համակարգչի հետևում հերոսացողներն իրենց թույլ են տալիս ամենավերջին անհեթեթոսւթյունները դուրս տան, որոնք հավանաբար չեն հասկանում կամ մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ հզոր կամքի տեր մարդու հետ գործ ունեն:

Ռոբերտ Քոչարյանը, որը չի վախեցել, չի երկնչել դիմակայել քանակով և նյութական մատակարարմամբ հայկական ուժերին բազմակի անգամ գերազանցող թշնամուն, հաստատ չի սարսափում իրեն ապօրինաբար ազատության մեջ պահողներից և չի վիրահատվի միայն նրա համար, որ դատը մի քանի օրով հետաձգի:

Ի վերջո մի մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի առաջին նախագահն է և ՀՀ երկրորդ նախագահը: Նա հաղթահարելու է նաև այս փորձությունը և դրանից դուրս է գալու ավելի ուժեղացած»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ