10 10 2019

Ովքեր և ինչու են խոսում «ինքնիշխանությունից»․ 7or.am

Ովքեր և ինչու են խոսում «ինքնիշխանությունից»․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Հոգեբանության մեջ հայտնի բանաձև կա, ըստ որի՝ ում մոտ ինչը ցավում է, նա դրանից է միայն խոսում կամ մատնում։

Մեզ մոտ որոշակի շրջանակների մոտ մոդայիկ է դարձել ինքնիշխանությունից խոսելը։ Ընդ որում՝ սրանց մոտ ՀՀ–ի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը նույնացվում է հակառուսական քաղաքականության հետ։ Սրանք քարոզում են, որ եթե ուզում ենք ինքնիշխան լինել, ապա պետք է վարենք հակառուսական քաղաքականություն, այն է՝ ռուսական ռազմաբազան հանենք Գյումրիից և դուրս գանք ՀԱՊԿ–ից։

«Ինքնիշխանության» ապահովման սույն թեզերը ներմուծված են դրսից և ակնհայտորեն սպասարկում են թուրք–ադրբեջանական շահերը։

Իրականությունն այն է, որ ՀՀ ինքիշխանությունը պահպանվում է նաև անվտանգության ընդհանուր համակարգում լինելու միջոցով։ Պարզ է, որ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է, բայց եթե մենք դաշնակցային հարաբերություններ չունենանք ՌԴ–ի հետ ու չլինենք միասնական անվտանգային համակարգում, ապա չենք կարողանա դիմագրավել արտաքին մարտահրավերներին։

Մեր երկու հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, չեն ընդունում Հայաստանի ու Արցախի գոյությունը որպես անկախ միավոր։ Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ–ից ու վարի հակառուսական քաղաքականություն, ինչպես առաջարկում և պահանջում են «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերն ու Նիկոլ Փաշինյանի «ծռված» գործընկերները, ապա կունենանք Կարսի անկման կամ 1920 թվականին տեղի ունեցածի պես մի բան՝ շատ ավելի վատ վերջաբանով։ 1920–ին գոնե մի բան պահպանվեց սովետների կազմում, որը հետո՝ 1991–ին, պիտի դառնար անկախ միավոր։ Այս անգամ եթե նույնը կրկնվի ու պետություն կորցնենք, ապա դա կլինի մեր պատմության ավարտը։

Չգիտե՞ն այս ամենի մասին «ինքնիշխանության» պատվիրատուներն ու նրանց տնաբույծ քարոզիչները։ Իհա՛րկե գիտեն։ Բայց դա իրենց չի հետաքրքրում։ Պատվիրատուն սեփական շահերն ունի, իսկ ներսի կատարողը՝ դավաճանական մոտիվացիան։

Նիկոլ Փաշինյանն Արցախի նկատմամբ ու հայ–ռուսական հարաբերություններում գրեթե ամբողջությամբ վարում է մի քաղաքականություն, որը «ծռիստներ» սեֆիլյաններն են քարոզում։ «Ինքնիշխանության» այս գիծն իրականում թուրք–ադրբեջանական դուետին է ձեռնտու։

Մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության վերացումը, որը նաև ենթադրում է ռազմաբազայի հեռացում Գյումրիից, ուղղակիորեն նշանակում է թուրքական դոմինանտության ապահովում։ Թե ինչ է դա նշանակում ՀՀ–ի համար, լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Իսկ այն, որ Թուրքիան կլցնի վակուումը ՌԴ–ի հեռացման դեպքում, երևում է Վրաստանի օրինակով (ԱՄՆ–ը այլ օպերատոր չունի այս տարածաշրջանում և աշխատելու է Թուրքիայի միջոցով)։ Այդ երկիրը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը՝ հակառուսականության համար վճարելով Օսիայի ու Աբխազիայի կորստով։

Մեր դեպքում կորուստը կլինի ոչ միայն Արցախը, այլ նաև ամբողջ Հայաստանը, քանզի ի տարբերություն Վրաստանի՝ մեզ չեն ճանաչում մեր երկու հարևանները և իրենց ծրագրերում չկա հայկական պետություն։

Մտածել, որ ՆԱՏՕ–ի նավերը կզբոսնեն մեր լճերում, առնվազն միամտություն է կամ հակապետական անմեղսունակություն։ Սիրիական քրդերին հարցրեք, կբացատրեն ու կպատմեն իրենց դառը ճակատագրից, եթե, իհարկե, ողջ մնան այս մսաղացից հետո։

Ամփոփելով նկատենք, որ առավոտից երեկո «ինքնիշխանությունից» խոսողները, որոնք մեր ինքնիշխանությունը կասկածելիորեն պաշտպանում են ռուսներից ու փաստացի ցանկանում են նույն այդ ինքնիշխանությունը հանձնել Թուրքիային, մեզանում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են։

5–րդ շարասյուն են ու դավաճանական կոդերով են գործում բոլոր նրանք, ովքեր առաջարկում են Հայաստանի ներքին խնդիրները լուծել արտաքին կողմնորոշումային քաղաքականություն վարելով (կապ չունի՝ ռուսամե՞տ, թե՞ արևմտամետ տարբերակով), քարոզում են հայ–ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կամ Արևմուտքի դեմ և արկածախնդրությամբ են զբաղված։

Մեզ հավասարակշռված քաղաքականություն է պետք, ինչը նշանակում է ո՛չ ասել հակառուսական կամ հակաարևմտյան քաղաքականությանը, ինչպես նաև ներքին խնդիրները չկապել արտաքին կողմնորոշման հետ։ Արհեստական ցանկացած օրակարգ դրսից է ներմուծված և սպասարկում է թշնամու շահը։

Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվում է տնտեսության զարգացմամբ, ներքին մթնոլորտի բարելավմամբ և բանակի մարտունակությամբ։ Նաև՝ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե դրսում «պապաներ» փնտրելով կամ դաշնակցային հարաբերությունները վատացնելով։

Մեզ մոտ հիմա դատարկությամբ աչքի ընկնող իշխանություն է։ Դա ֆիքսել են դրսի խաղացողներն ու փորձում են այդ դատարկությունը լցնել իրենց ձեռնտու օրակարգերով՝ առաջ քաշելով «ինքնիշխանության» ու արտաքին կողմնորոշման հակահայկական կոդերը։ Այդ կոդերը փլուզեցին Ուկրաինայի տնտեսությունն ու դարձան տարածքային կորուստների պատճառ։ Տարածքներ կորցրեց նաև Վրաստանը՝ հակառուսական նախագծի մեջ մտնելու և ներքին կյանքը դրսի դայակներին վստահելու համար։

Մեր դեպքում միայն տարածքի կորստով չենք պրծնի, եթե այնքան հիմար գտնվենք, որ վնասենք սեփական ինքնիշխանությունը՝ արտաքին կողմնորոշումների դրսից ուղղորդվող խաղի մեջ մտնելով։

Մի՞թե ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը դասեր չի քաղել իր իսկ ողբերգությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ