Tert.am-ը գրում է․ «Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ 2 հարց կա. սա իրավակա՞ն պրոցես է, թե՞ քաղաքական: Ըստ իս՝ սա ոչ իրավական պրոցես է, ոչ էլ՝ քաղաքական: Սա ուղղակի բացահայտ գռեհիկ պահվածք է մի մարդու կողմից, որպեսզի ունենա տոտալ իշխանություն երկրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվել է մեկ մարդու կառավարություն, մեկ մարդու Ազգային ժողով, այժմ էլ փորձում են ստեղծել մեկ մարդու դատարաններ:
«Այս պրոցեսն է կատարվում մեր երկրում և ընտրվեց այս ճանապարհը, որովհետև այլ ճանապարհներ չկան, թեև սա էլ խիստ վիճելի ճանապարհ է: Մենք պիտի հստակ հասկանանք, որ սա Հրայր Թովմասյանի կամ կոնկրետ որևէ մեկի դեմ չէ: Ուղղակի խնդիր էր դրված ունենալու գրպանային Սահմանադրական դատարան: Սա տհաճ պատժիչ ռեպրեսիվ փուլ է, որը կարճ է տևելու, որովհետև որևէ նորմալ երկրում հնարավոր չէ նման բան: Այսօր խորհրդարանում տեղի ունեցածն ապացույցն էր այն բանի, որ մեկ մարդն ունի խորհրդարանական մեծամասնություն և խորհրդարանական ընդդիմություն՝ հանձինս «Լուսավոր Հայաստանի»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ չի կարելի թողնել ու նայել՝ արդյոք Հրայր Թովմասյանը կամ ՍԴ-ն կդիմանան, թե ոչ: Նրա խոսքով՝ սա Հրայր Թովմասյանի կամ ՍԴ-ի կռիվը չի: Սա մեր աչքի առջև կատարվող ցինիկ պրոցես է և որևէ լավ բան պետությանը չի խոստանում:
«Կարծում եմ, որ սա այն պահն է, որ հանրության գիտակից շերտերը չպետք է լռեն, իրենց ձայնը պիտի բարձրացնեն: Պետության կյանքում նույնպես լինում են պահեր, որ լռելը հանցակից լինելուն համարժեք բան է: Դրա համար շատ կարևոր է, որ մարդիկ այսօր բարձրաձայն իրենց աջակցությունը հայտնեն: Այո, այս երկրին անհրաժեշտ է անկախ ՍԴ, ոչ թե գրպանային կամ մեկ հոգուց կախված ՍԴ և մեկ հոգուց կախված դատարաններ»,- ասաց նախկին պատգամավորը:
Հովհաննիսյնաը չբացառեց նաև, որ գուցե ՍԴ դատավորները ճնշումների ենթարկվեն և կողմ քվեարկեն ԱԺ որոշմանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ կատարվում է շատ փակ և ստվերում:
«Ես չգիտեմ ՍԴ-ի վրա ինչ ճնշման մեխանիզմներ կլինեն: Տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ-ն չպիտի տա այդ համաձայնությունը, և մենք, որպես հասարակություն, պիտի սատարենք, որ չգնան այդ քայլին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, Հովհաննիսյանն ասաց, որ իր ժամանակն ափսոս է, որպեսզի սոցիալական ցանցում կարդա Մարուքյանի հրապարակումները: Նրա խոսքով՝ ինքը տեսնում է քաղաքական պրոցեսը՝ «Լուսավոր Հայաստանն» այսօր կատարում է մեկ մարդու ցանկություն:
«Ընդհանրապես մեր երկրի քաղաքական դաշտի սոցիոլոգիան շատ խառնված է, դա հետհեղափոխական ցուցանիշ է: Շատ դժվար է հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով իշխանություն, կամ ով է սոլիդը, ով է անլուրջը: Մենք ինչ-որ ջրապույտի մեջ ենք, այս փուլից դուրս կգանք, բայց այս փուլում քաղաքական սոցիոլոգիան շատ աղավաղված է: Կյանքը ցույց կտա՝ ով իրեն ոնց պահեց»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հովհաննսիյանը նշեց նաև, որ Հայաստանը բավական երկար ժամանակ է դուրս է եկել կանխատեսելի զարգացումների տրամաբանությունից: Նրա խոսքով՝ մենք այժմ ապրում ենք շոկային զարգացումների փուլ: «Ամեն օր, ամեն շաբաթ կարող է շոկ լինել: Երկրում չկա իշխանությունների տարաբաժանում, հանրության շերտերի միջև չկա նորմալ երկխոսություն, կա միայն մեկ հոգու ցանկությամբ կառավարվող երկիր»,- նշեց Հովհաննիսյանը:
«Մենք տեսնում ենք խոսքի ու գործի ահռելի տարբերություն: Մենք տեսնում ենք ասածի, ասելիքի և անելիքի հսկայական տարբերություն: Մենք համերաշխության, առաջընթացի, զարգացման և արդարության կարգախոսով եկանք, սակայն ստացել ենք ներքին թշնամանք, ցուցադրական ու ընտրովի արդարադատություն, կալանքը որպես պատժի միջոց կիրառելու պրակտիկա, որ լայնորեն կիրառվում է: Սա մեր իրականությունն է, մենք բոլորս հասել ենք այս օրվան»,- եզրափակեց Հովհաննսյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը