04 10 2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է կոնգրեսական Փըլոունին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է կոնգրեսական Փըլոունին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրատվության բաժնից։

Շնորհակալություն հայտնելով հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության եւ քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:

Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսական Փըլոունի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը եւ վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Նախարար Մնացականյանը կոնգրեսական Փըլոունին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարեւորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների եւ ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ