Aysor.am-ը գրում է․«Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել:
Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին:
Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը