02 10 2019

Ինչո՞վ է պայմանավորված «Հայելու առաջ» հաղորդման եթեր չհեռարձակվելը. Զարուհի Փոստանջյան

Ինչո՞վ է պայմանավորված «Հայելու առաջ» հաղորդման եթեր չհեռարձակվելը. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել.

Հարգելի պարոն Ծառուկյան,

Ձեզ պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մի քանի օր է չի հեռարձակվում լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը։

Հանրային լայն շրջանակներում առաջացել է հարցապնդում, մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված հաղորդման եթեր չհեռարձակվելը:

Ելնելով հանրային հետաքրքրությամբ պայմանավորված հարցի կարևորությունից՝ խնդրում եմ հայտնել.

  1. Դուք, տիրապետելով ձեռնարկատիրական հմտություններին, ունենալով պարզ հաշվարկ, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը զգալի ազդեցություն ունի «Կենտրոն» հեռուստաընկերության վարկանիշի բարձացման տեսանկյունից՝ ճշտգրիտ նախատեսել եք, որ ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, սույն հաղորդաշարը սեփական նախաձեռնությամբ փակելու դեպքում՝ ինչպիսի՞ն կլինեն դրա երկարաժամկետ հետևանքները ընկերության և հանրության վրա:

  2. Եթե Ձեզ խնդրել և հորդորել են «Հայելու առաջ» հաղորդաշարը փակել, արդյո՞ք այս կապակցությամբ կրկին վերապրեցիք ավտորիտարիզմի ճնշումը:

  3. Շուրջ երկու տասնամյակ զբաղվելով քաղաքական գործունեությամբ՝ անշուշտ քաջատեղյակ եք, որ հատկապես լարված քաղաքական շրջանում գործադիր իշխանությունը խոշորացույցի տակ է առնում քաղաքական հաղորդումները և տարբեր բնույթի ցուցումներ իջեցնում լրատվամիջոցներին։ Այս համատեքստում խնդրում եմ հայտնել, թե կարո՞ղ ենք արդյոք բացառել «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակավոր եթերազրկման փաստը՝ այն չպայմանավորելով վերոնշյալ արատավոր երևույթով և հաստատել, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը կշարունակի իր բնականոն աշխատանքը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:

  4. Կարո՞ղ ենք արդյոք ձեռնոց նետել կառավարությանը` զգուշացնելով, որ Դուք հարգում և պաշտպանում եք խոսքի և լրագրության ազատությունը:

  5. Այսօր, երբ հայ հասարակությունը կրկին գտնվում է շրջադարձային փուլում, խոսքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կառավարությունից տարբերվող կարծիքներ ներկայացնող քաղաքական հաղորդումները առավել պահանջված են։ Հետևաբար, արդյո՞ք պատրաստ եք սատարել ազատությունը, «որը առաջին հերթին իրավունք է մարդկանց ասել այն, ինչ նրանք չեն ցանկանում լսել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ