01 10 2019

«Ուզես չուզես կալանքը պետք է տաս»-ը լրջորեն վտանգում է հանրային քաղաքականության կայունությունը. Կարծիք

«Ուզես չուզես կալանքը պետք է տաս»-ը լրջորեն վտանգում  է հանրային քաղաքականության կայունությունը. Կարծիք

Հեռախոսազրույցի միջոցով հրահանգելը` «ուզես չուզես կալանքը պետք է տաս», ոչ միայն բազմաթիվ խնդիրներ են հարուցում, այլև լրջորեն վտանգում են հանրային քաղաքականության կայունությունը և իրավական պետության սկզբունքների պատշաճ իրականացումը։ Այս մասին հոկտեմբերի 1-ին, հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Հայ հասարակությանը՝ իր ներկայիս կառավարությունով, չհասավ բարեկեցիկ հանրային կյանքի անհրաժեշտ պայմանի առկայությանը: Հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքը, ինչպիսիք են` իրավունքի գերակայությունը և բոլորի հավասարությունն օրենքի առջև, չիրականացավ:

Հայաստանի Հանրապետության կառավարության խաբեությունը, ստախոսությունը, ամբոխահաճո շողոքորթությունը և կողմնակալությունը կրկին մեր հանրության համար դարձել են սովորական և բնական երևույթներ, իսկ այն ինչ անհրաժեշտ է հասարակության առաջադիմության և բարեկեցության համար՝ անգամ քննարկման առարկա չի դարձվում։

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած մի շարք գործողություններ, մասնավորապես՝

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի կազմում.

Դատարանների շրջափակում.

Դատավորների նկատմամբ բռնության գործադրման անտեսում.

Դատավորներին «վնգստացող և նոր տերեր փնտրող» անվանելը.

 ՀՀ վարչապետի հրապարակավ հայտարարությունը` «ինչո՞ւ Հայաստանում կա մի դատավոր, ով իմ ասածին ասի չէ».

Վերոնշյալ միջոցառումների իրականացումը գործող իշխանությունը հիմնավորում է 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած այսպես կոչված թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձևավորման խնդրի լուծման անհրաժեշտությամբ և առկա քաղաքական կամքով: Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ գործող կառավարության հայտարարած մտադրությունը չունի դատաիրավական համակարգի ամբողջական ու որակական բարեփոխման և վերափոխման համապարփակ, հայեցակարգային ծրագիր և ուղենիշ:

Ժամանակը չի սպասում, ավելին՝ ժամանակը չի ներում դատաիրավական համակարգի նկատմամբ ոչ իրավաչափ, հատվածական բնույթի իրավիճակային գործողությունների իրականացումն անկատար քաղաքական համակարգերում։

Այս համատեքսում արձանագրում ենք, որ շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում գործող իշխանությունը առկա դատաիրավական խնդիրներին լուծում տրամադրելու փոխարեն`

Շարունակել է քաղաքացիների հետ շփվել իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ոտնահարմամբ.

Ձեռնարկել է ոչ իրավաչափ, հատվածական բնույթի, իրավիճակային գործողություններ, որոնցով ավելի է խորացրել դատաիրավական համակարգային ճգնաժամը։

Պետության կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից գործադիր իշխանության հարաբերակցությունը դատական իշխանության հետ, որը դրսևորվում է խտրական բնույթի օրենքների նախագծերի մշակմամբ, հանրահավաքային սպառնալիքների լեզվով, ինչպես նաև հեռախոսային կարգադրություններով, արդի հայկական պետականության ձախողումներին գումարել է զգալի չափաբաժին ձախողումների նորանոր հոսքեր։

Պետականաշինության և իրավական պետության կառուցման տեսանկյունից նշված գործողությունները ոչ միայն դատապարելի են, այլև անողջամիտ և անհեռատես:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ