30 09 2019

Մեկ օրում երկու քաղբանտարկյալ․ «նոր Հայաստանի» իրական պատկերը

Մեկ օրում երկու քաղբանտարկյալ․ «նոր Հայաստանի» իրական պատկերը

Սեպտեմբերի 29-ին դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի նկատմամբ 2 ամսով որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Կալանքի որոշում կայացրեց նաև դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ նախօրեին ձերբակալված երկրորդ ակտիվիստ Սարգիս Օհանջանյանի մասով։

Ակտիվիստների փաստաբան Վահե Եփրիկյանը մեզ հետ զրույցում դատարանի այս որոշումներն ապօրինություն, բեսպրեդել, իսկ կալանքի միջնորդությունները՝ խայտառակություն որակեց, քանի որ, նրա փոխանցմամբ, կալանքի որևէ հիմք քննիչները չէին ներկայացրել և իրավական առումով մերկ էին ներկայացել դատարան։ Փաստաբանը նաև ընդգծել էր, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ՝ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին քաղբանտարկյալ համարելով։

Փաստաբանի մտահոգությունները կիսում են և ակտիվիստներին իշխանափոխությունից հետո երկրորդ և երրորդ քաղբանտարկյալ են համարում մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և վերլուծաբաններ՝ հիշեցնելով, որ «Նոր Հայաստանի» առաջին քաղաքական բանտարկյալը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ երկրորդը և երրորդը, ստացվում է, նրա աջակիցները։

Իրենց մեկնաբանություններում քաղաքական-հասարակական գործիչները նշում են, որ դատական այս որոշումները պարտադրված են իշխանությունների կամքով, նաև հիշեցնում, որ Նարեկ Մութաֆյանը կրկնել է վարչապետի հայտնի միտքը՝ «վնգստացող դատավորների» մասին, իսկ Սարգիս Օհանջանյանը պարզապես նկարահանել է դա։

Փաստաբանները նաև Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու և հարցաքննելու միջնորդություն են ներկայացրել, քանի որ, նրանց խոսքով, եթե ստացվում է, որ դատավորների «վնգստալու» մասին բարձրաձայնելն ավարտվում է քաղաքացիների ձերբակալությամբ, ապա նույն քրեաիրավական գնահատականին պետք է արժանա նաև վարչապետը, քանի որ իրականում այդ խոսքերի հեղինակը հենց նա։

Միաժամանակ գործիչներն ահազանգում են՝ նմանօրինակ դատական ակտերը և քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանալու են Հայաստանում, և սպասվում են իշխանությունների կողմից լուրջ ռեպրեսիաներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ