29 09 2019

Իրավախայտառակություն. կալանավորեցին՝ առանց հիմք ներկայացնելու․Նարեկ Մութաֆյանի փաստաբան

Իրավախայտառակություն. կալանավորեցին՝ առանց հիմք ներկայացնելու․Նարեկ Մութաֆյանի փաստաբան

Դատարանը մերժել է Նարեկ Մութաֆյանի ձերբակալումը վերացնելու մասին փաստաբան Վահե Եփրիկյանի բողոք-միջնորդությունը և բավարարել է Մութաֆյանի նկատմամբ 2 ամսով որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ Արտուշ Գաբրիելյանն արհամարհել է իրավաբանությունը, որովհետև քննիչի ներկայացրած միջնորդությունը մեծագույն վերապահումով կարելի է կոչել միջնորդություն։

«Բացարձակ զրոյական հիմքեր և բացարձակ դատարկություն։ Դատական նիստի ժամանակ այս ամենը արձանագրել եմ։ Որևէ հիմք, որևէ փաստական ապացույց, փաստական տվյալ, հանգամանք, ոչինչ չի ներկայացրել քննիչը։ Հիմնավոր կասկածի մասին ոչինչ չի խոսվել, կալանքի հիմքի և պայմանների մասին ոչինչ չի խոսել, խայտառակ միջնորդություն է ներկայացրել։ Արտուր Գաբրիելյանն այդ խայտառակ միջնորդությունն առավել խայտառակ կերպով բավարարել է։ Երբ նախաքննության ավարտ հայտարարվի, կհրապարակենք, թող հանրությունը ծանոթանա դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշման հետ, դատարկություն է»,-  մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր մոտ խորապես տպավորություն է ձևավորվում, որ  քննիչին հանձնարարել էին միջնորդություն գրել, դատավորին՝ բավարարել կամ մերժել, բայց փաստական տվյալները մոռացել են տան։ «Այդ մարդիկ ուղղակի իրավական նորմեր են գրել, արտագրություն են կատարել օրենքներից, նախադեպերից, թուղթ են սևացրել, իսկ գործի հետ կապված կոնկրետ տվյալներ ո՛չ վերլուծել են, ո՛ր համադրել են իրավանորմերին, ո՛չ օբյեկտիվ եզրահանգումներ են կատարել, ո՛չ որևէ կերպ պատճառաբանել կամ հիմնավորել են իրենց միջնորդությունն ու այդ միջնորդության բավարարումը։ Սա դասական իրավախայտառակություն է»,- ընդգծեց Վահե Եփրիկյանը՝ հավելելով, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ դատարանը չի անդրադարձել ո՛չ գրավի , ո՛չ էլ ինքնաբացարկի հարցին։

Նշենք նաև, որ Սարգիս Օհանջանյանի գործով դատավորը Նելլի Բաղդասարյանն է, ով այժմ խորհրդակցական սենյակում է։ «Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի, կհարգի՞ իր մասնագիտությունը, թե՞  կնմանվի պարոն Արտուշ Գաբրիելյանին»,- անդրադառնալով երկրորդ ակտիվիստի գործին՝ նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով  բերման են ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը։ Սակայն նրանց մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ հոդվածով։  Փաստաբան Վահե Եփրիկյանը նշել էր, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դատարանի նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, սակայն քննչական մարմինը, հասկանաով, որ այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք ամիս կալանքն է, որոշել է ձերբակալվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի սանկցիան մինչև հինգ տարի ազատազրկում է նախատեսում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ