«Մեդիա պաշտպանը» հայտնում է․ «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի սեպտեմբերի 25-ի երեկոյան թողարկման ընթացքում ռեպորտաժ է հեռարձակվում Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության թեմայով։
Ներկայացվում է պաշտոնական տեսակետ, որ «բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար»:
Այնուհետև, ամբողջ ռեպորտաժը կառուցվում է փաստաբան Նորայր Նորիկյանի գնահատականների վրա, որը նշում է, թե «իրավախախտ գործողությունների հետևանքով տարիներով բնակարանների սպասող հայաստանցի զինվորականները զրկվել են իրենց հասանելիք անշարժ գույքից»։
Ապա ռեպորտաժում ներկայացվում են Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից կտորներ, և եթե, նույն թեմայով «Ազատության» տեքստային տարբերակում նշվում է, որ ուշ երեկոյան Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ և մեջբերվում է այդ գրառումը, ապա «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի պատրաստած ռոպորտաժը խիստ միակողմանի է, չի հնչում Վիգեն Սարգսյանին ներկայացված մեղադրանքին հակադիր որևէ տեսակետ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնին՝ չխախտել անմեղության կանխավարկածը, պահպանել համակողմանի տեղեկատվություն տարածելու կանոնները, դադարեցնել խիստ միակողմանի ու կողմնակալ դիրքորոշումներով ռեպորտաժների հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը