24 09 2019

Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում, վախենու՞մ եք․ Աշոտյանը՝ ԱԺ նախագահին

Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում, վախենու՞մ եք․ Աշոտյանը՝ ԱԺ նախագահին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին:

Ահա հատված իր ելույթից. «Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»:

Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:»

Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» և ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում:

Բացատրիր ինձ և հայ ժողովրդին, թե ինչու՞ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչն է պատճառը: Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում: Վախենու՞մ եք: Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում:

Ճանաչելով քեզ, շահարկման դաշտ չեմ ուզում մտնել, բայց բարի եղիր այդ դեպքում ինքդ պարզաբանել այս շատ տարօրինակ, տհաճ և «ոչ ինքնիշխան» իրողությունը»,-գրել է Աշոտյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ