«2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 215 հոդված, որոնցից 76-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 134-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում, բացասական հոդվածները բազմաբնույթ են։ Հայկ Մարությանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանի դեմ։ Ըստ լրատվականների հրապարակումների՝ այդ հայցի մեջ որոշ խախտումներ են եղել, այդ պատճառով հայցը վերադարձվել է։ Սոնա Աղեկյանը նշում է, որ եթե Հայկ Մարությանի խորհրդականները խելացի լինեն, այդ հայցն այլևս դատարան չի վերադարձվի։
Դավիթ Խաժակյանը շարունակում է աղբահանության խնդրով քաղաքապետին հարցեր ուղղել։ Ըստ նրա՝ «Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանի համար միևնույն է` «Սանիտեկը» կաշխատի՞, թե՞ ոչ։ Հայկ Մարությանի հարցազրույցներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տույժ ու տուգանքների խնդիր առհասարակ չկա, միայն սպասում են, որպեսզի իրենց սեփական տեխնիկան համալրվի»։
Ըստ լրատվականների՝ Սուրեն Պապիկյանն է փորձում փրկել Հայկ Մարությանին։ Հրապարակման համաձայն՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հանձնարարական է տրվել, որ բոլոր համայնքներից աղբահավաք մեքենաներ, տեխնիկա տեղափոխեն Երևան՝ մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին աջակցելու համար։ Մեկնաբանվում է, թե «Սանիտեկ» ընկերության ու Հայկ Մարությանի միջև հակամարտությունն այն աստիճանի է հասել, որ ընկերությունն արդեն երկու օր է, ինչ առհասարակ մաքրման աշխատանքներ չի իրականացնում։
Տևական ժամանակ է խոսվում է քաղաքային խնդիրների մասին, այդ ֆոնին լրատվականներն կանխատեսում են, որ Հայկ Մարությանը հրաժարական է տալու։ Վերջին հրապարակումների համաձայն՝ այդ հարցը նույնիսկ իշխող քաղաքական ուժի օրակարգում է եղել։
Հայկ Մարությանի թիմը քաղաքային խնդիրների պատճառով շարունակվելու է քննադատության ենթարկվել, քանի որ քաղաքացիները դրական դինամիկա չեն տեսնում։ Հետաքրքրական է, որ քննադատություններ համացանցում հնչեցնում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև այն քաղաքացիները, որոնք լոյալ են ներկա իշխանությունների նկատմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը