Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Արցախն իր անկախության 28–րդ տարեդարձին փորձության լուրջ փուլ է թևակոխել։ Այդ փորձությունը սահմանից այն կողմ չէ։ Այն կողմից միշտ էլ հայտնի է, թե ինչ է պետք սպասել ու միշտ էլ պատասխանը կա։
Խնդիրը թիկունքում է առաջացել։
Հայաստանում իշխանության է եկել քիրվայական գաղափարական արեալի ներկայացուցիչը, որը դոկտրինյոր չէ, ինչպես քիրվայականության գաղափարական հայրը, բայց միևնույն է ներծծված է այդ արժեքներով։
Հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը պատերազմ է հայտարարել պաշտոնական Ստեփանակերտին։ Վարչապետի մակարդակով հակաղարաբաղյան քարոզ է տարվում կամ առնվազն խրախուսվում (ստեղծված հակաղարաբաղյան/հակաղարաբաղցիական մթնոլորտի արդյունք է այն, որ շրջանառության մեջ են հայտնվել «Այսինչ բանը ավելի կարևոր է, քան Արցախը», «Մեր տղաները չպետք է ծառայեն Արցախում», «Մարդիկ զոհվել են հանուն ոչնչի» և նմանատիպ այլ թեզերը)։
Պաշտոնապես հայտարարվում է, որ Արցախում դավադիրներ կան, որոնք կարող են շփման գծում լարվածություն ստեղծել կամ տարածք հանձնել, ինչ է թե վնաս տան ՀՀ կառավարությանը։ Ավելի դավադիր հարված Արցախին, այն էլ թիկունքից դժվար է պատկերացնել։
Դավադրություն է նաև այն, որ պաշտոնական Երևանը խնդիր է դրել կարգինհայկոների իշխանություն ձևավորել Արցախում։ Իսկ թե ինչի կարող է դա հանգեցնել, հեշտությամբ կարելի է պատկերացնել։
Եթե Երևանում դրածո «կարգինը» աղբի մեջ է թաղել մայրաքաղաքը, ապա Արցախի գլխին «Հայկո» նշանակելը ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել։
Տեղին է հիշեցնելը, Երևանն ու Ստեփանակերտը լարված հարաբերություններ են ունեցել նաև 1997–1998թթ.։ Այն ավարտվել է ՀՀ նախագահի հրաժարականով, քանզի հակառակ դեպքում մենք տանուլ էինք տալու հազարավոր մարդկանց արյան ու մեր ժողովրդի զրկանքների գնով ունեցած հաղթանակը և պետականությունը։
Թե երբ և ինչով կավարտվի այս անգամվա լարվածությունը, առաջիկա ամիսներին վերաբերող հարց է։ Սա շատ երկար չի կարող ձգվել։ Հակառակ դեպքում շատ ծանր գին են վճարելու Հայաստանն ու Արցախը։
Պետք է թույլ չտալ, որպեսզի Երևանում հայտնված բացիլը շատ տարածվի ու հասնի Ստեփանակերտ։ Բացիլը պետք է լոկալիզացվի և պետական օրգանիզմը առողջացվի։
Իր անկախության 28 տարիների ընթացքում Արցախը բազում մարտահրավերներ է ունեցել ու հաղթահարել դրանք։ Այս անգամ էլ բացառություն չի լինելու։ Ու այդ գործում պետք է ներգրավված լինեն հայաստանակենտրոն բոլոր ուժերն ու անհատները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը