Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 28-ամյակը: 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:
1991թ. դեկտեմբեր 10-ին ԼՂ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ԼՂ բնակչությունը պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89%-ը (108615 մարդ) դրական պատասխանեց այդ հարցին: Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը