168.am-ը գրում է.
«Արդեն որքան ժամանակ է՝ ներիշխանական շրջանակներում քննարկվում և մամուլում առանձին դրվագներով և ընդհանուր պատկերներով ներկայացվում է Փաշինյանի կառավարության և առհասարակ թիմի ներսում առկա անհանդուրժողականությունն ու պառակտման հավանականությունը։ Իշխանությունը մի քանի թևերի է բաժանված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի թև, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի և Մհեր Գրիգորյանի թևեր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թև, «Սորոս»-ական պաշտոնյաների, Սասուն Միքայելյանի թև, և այլն։ Ընդ որում՝ մեկը մյուսի դեմ չափազանց անհանդուրժող է, և յուրաքանչյուրը ստվերային իր քաղաքականությունն է վարում։
Իրավիճակն ուժայինների շուրջ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի և իր երկու աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած քրեական պատմությունից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք առաջադրեց Դավիթ Սանասարյանի դեմ, այսպես կոչված՝ «Սորոս»-ական թևի, հասարակական որոշ կազմակերպությունների և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պաշտոնյաների կողմից անմիջապես թիրախավորվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նիկոլ Փաշինյանին դա կարծես չէր մտահոգում, եթե չասենք՝ դուր էր գալիս, չէր էլ կանխվում։ Ավելին, կառավարության նիստերի ընթացքում ԱԱԾ ղեկավարին և ոստիկանապետին այնպիսի անհեթեթ հանձնարարականներով էր դիմում, որ նրանք էլ չէին կարողանում լրագրողների տեսախցիկների առջև թաքցնել իրենց զարմանքը։
Հիշում եք, երբ Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադառնալով ահազանգերին, թե գազալցակայաններն ու բենզալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, հարցրեց՝ ինչո՞ւ չեք լուծում հարցը. «Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում, ինչքա՞ն պիտի էս հարցը մնա»։ Թե մասնավորապես ԱԱԾ-ն ինչո՞ւ պետք է զբաղվի ՀԴՄ-ների հարցով, որն իր գործառույթը չէ, այլ քննարկման հարց է, բայց Փաշինյանը հրապարակավ ԱԱԾ-ի և նրա ղեկավարի «պլանկան» էր ուզում իջեցնել ՀԴՄ պահանջողի, բռնողի մակարդակի։
Նման օրինակներ այս ընթացքում շատ են եղել։ Փաշինյանը չի հանդուրժում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ունեցած բարձր ռեյտինգները, հասարակության շրջանում աճող հեղինակությունը։ Ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների՝ քաղաքացիները հատկապես բարձր էին գնահատել կառավարության նշյալ երկու անդամների աշխատանքը։ 1-5 բալային սանդղակով, ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ:
Ըստ նույն ընկերության այդ ժամանակաշրջանում արված հարցումների՝ Փաշինյանի անձնական վարկանիշը 10 տոկոսով նվազել էր։ Այդ հարցումներից ամիսներ են անցել, և իշխանական թիմի ներսում էլ համոզված են, որ արագ տեմպերով նրա վարկանիշն ընկնում է. հասարակությանն այլևս հնարավոր չէ մոլորեցնել բառակույտ-ելույթներով, հումորային ժանրեր հիշեցնող նրա ուղիղ եթերներով, նախկինների հասցեին հայհոյանքներ հնչեցնելով, սրան-նրան ձերբակալել-բաց թողնելով, առավել ևս, երբ հասարակությունն արդեն շատ լավ գիտակցում է՝ ինչու են ձերբակալում, որքան գումար են պահանջում տիկնոջ հիմնադրամների և այլնի համար։ Դրանից քաղաքացու կյանքում ոչ միայն ոչինչ չի փոխվում, այլև աչքակապությունն օր օրի ավելի տեսանելի է դառնում։ Քաղաքացին իրեն խաբված է զգում։ Գիտակցում է, որ իր էմոցիաներն օգտագործելով՝ իշխանության են եկել և իրենց կենսական պահանջներն են բավարարում՝ օգտվելով իշխանական հաճույքներից։ Ոչ ավելին։
Նաև շատերն են հասկանում, որ այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը քավության նոխազ է դարձել. իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ թե Մարտի 1-ը բացում է, այլ այն փակում է՝ իրեն ցանկալի սցենարով։ Հակառակ դեպքում՝ ինքը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնահերթ պետք է պատասխանատվություն կրեն։
Ի դեպ, ամիսներ առաջ ողջ հասարակությունը և հատկապես Փաշինյանի թիմակից հակամարտող թևերն ականատես դարձան մեկ այլ փաստի. Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին ընդամենը 1100 մարդ էր արձագանքել։ Եվ այդ տվյալները հրապարակել էր Փաշինյանին սատարող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանի դեմ մեղադրանքի առաջադրումից հետո սուր և հրապարակային արշավ սկսեց Արթուր Վանեցյանի դեմ։ Պատճառը միայն Դավիթ Սանասարյանի հետ կապված սկանդալային քրեական գործը չէր։
Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջը ջնջվել էր, վարկած կար, որ դաշտից «սորոսական» համարվող ակտիվիստի արտասովոր «անհետացումը» կապված էր ԱԱԾ-ի գործողությունների հետ: Խոսակցություններ կային, որ Իոաննիսյանին ինչ-որ տեղեկատվություն է փոխանցվել, ինչից հետո Սանասարյանի մեծ աջակիցը փոխել էր իր դիրքորոշումը՝ կապված ՊՎԾ հայտնի գործով նյութերի հետ:
Այդ օրերին Բիշքեկից 168.am-ի հետ կապի դուրս եկած Իոաննիսյանն ասել էր, որ իր ընկալումներով՝ սլաքները դեպի մեր պետական օղակներ չեն տանում, և ավելացրել, որ այդ օրերին Լևոն Բարսեղյանի, Լառա Ահարոնյանի և Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջերի շղթայաբար արգելափակումը ևս կրում է միևնույն ձեռագիրը: Ռուսական հետք էին տեսնում այդ ամենում։ «Այս 4 ակտիվիստներս հակառուսական օգտատերեր ենք և գոնե այդ հարցում վստահաբար ունենք նույնացում, թերևս այդ պատճառով համարում ենք, որ խանգարել ենք դրսի ուժերին»,- ասել էր Իոաննիսյանը՝ բացառելով, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դրանում կարող էր շահագրգիռ լինել, որի դեմ նա գրեթե ամեն օր մի գրառում էր անում։ Իսկ եթե մասնագետների ուսումնասիրություններն այդուհանդերձ հակառակում համոզեն, Իոաննիսյանը խոստանում էր մեծ սկանդալ բարձրացնել ԱԱԾ պետի դեմ:
ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ Փաշինյանի և նրա որոշ թիմակիցների տրամադրվածությունները, ի դեպ, այլ պատճառ էլ ունեն։ Իրականում, մեր տեղեկություններով, նրանց հեղինակությունը բարձր է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և ՀՀ-ի հետ համագործակցող այլ երկրներում, որոնց համապատասխան կառույցների հետ ի պաշտոնե նրանք առնչվում են։ Նիկոլ Փաշինյանի հետ նրանցից շատերը մեծ անվստահությամբ են փոխգործակցում, «շոումեն» են համարում, շատ հաճախ՝ անլուրջ և տրամադրության մարդ։ Եվ հանուն պետական շահերի՝ փորձում են գոնե լուրջ որոշ դեմքերի հետ քննարկումներ անցկացնել և պայմանավորվածություններ ձեռք բերել։
Իրավիճակը կառավարությունում
Կառավարությունում, մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմում, ինչպես ասում են՝ «վիճակ չկա»։ Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը (ակումբների սիրահար դիջեյ Էդոն), ով աչքի է ընկնում խարդավանքներով, փորձում է իր ազդեցության շրջանակներն ամրապնդել։ Ըստ մեր աղբյուրների՝ վարչություններում տոտալ անգործություն է, նույնիսկ մի կերպ են կարողանում կառավարության նիստի օրակարգ ձևավորել։ Պատահական չէ, որ նիստերի հիմնական մասը փակ օրակարգով են անցկացվում։ Իրականում օրակարգ չկա։ Պատահում է՝ նախկին իշխանությունների նիստերի օրակարգերում քննարկված հարցերն են կրկին օրակարգ բերում։ Կամ հարցեր, որոնք նույնիսկ կառավարության նիստի չպետք է դրվեին։ Փաշինյանը շատ հաճախ չի էլ տիրապետում իրավիճակին։ Ավելին, ասում են՝ նա նույնիսկ իր օգնական-խորհրդականներին, փոխվարչապետներին չի ընդունում, չեն կարողանում որևէ հարց քննարկել ու հետևողական լինել։ Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ առհասարակ ոչ միայն խուսափում է առերեսվել, այլև, եթե նկատեք, կառավարության նիստերի ժամանակ չեն թաքցնում փոխադարձ անհանդուրժողականությունը։
Իրավիճակն Արտգործնախարարությունում
Այլ իրավիճակ է ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի դեպքում։ Վերջինս, բնականաբար, պրոֆեսիոնալ դիվանագետ է, սակայն որոշակի հարցերի շրջանակում։ Մնացականյանի դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Ըստ որոշ լուրերի, ի թիվս շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաների, Մնացականյանին ևս դժվարությամբ է հաջողվում Փաշինյանի հետ կարևորագույն հարցերի պարագայում ճշտումներ կատարել։ Իսկ Մինսկի խմբի համանախագահները և երկրների արտգործնախարարներն իրենից են որևէ հարցի պատասխան պահանջում, ոչ թե Փաշինյանից։ Նրա հետ են, բնականաբար, կապվում և ինչ-ինչ հարցերի շուրջ ճշտումներ կատարում։ Հատկապես Արցախյան հիմնահարցի կարգավորման պարագայում։ Նա ոչ միայն ստիպված է լինում մի կերպ ճշտումներ կատարել Փաշինյանի հետ, ավելին՝ հաճախ ստիպված է լինում իրավիճակ փրկել նրա և իշխանական որոշ անփորձ պատգամավորների, պաշտոնյաների ելույթների պատճառով։ Արդյունքում՝ կուժն ու կուլան իր գլխին է ջարդվում։ Ինչպես, օրինակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ շփումների ընթացքում։ Իսկ եթե նաև հաշվի առնենք, որ ներիշխանական խարդավանքներ են հյուսվում իր դեմ մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են իր պաշտոնը զբաղեցնել՝ պատկերն աննախանձելի է դառնում։ Ինչպես մամուլում էլ բազմիցս գրվել է, այդ պաշտոնին է ձգտում հատկապես վարչապետ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Վերջինս, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում եղել է ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամլո խոսնակը, այնուհետև՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը։
Իրավիճակն ԱԺ-ում
ԱԺ իշխանական «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցության ներսում տարաձայնություններն ու անհանդուրժողականությունը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Մեկը մյուսին մեղադրում է արտահոսքերի մեջ, «խաղեր» տալու, մեկը մյուսի դեմ «գործ տալու» մեջ։ Մեկը մյուսի դեմ ինչ-որ «կիքս» գտնելով՝ ինքնահաստատվում է։ Հիշեցնենք, որ այդ ֆրակցիայի 52 պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, 3-ը՝ «Առաքելություն» կուսակցությունից են, 33-ն անկուսակցական են: Պատգամավորներից շատերը կուլիսային խոսակցություններում ոչ միայն հիացած չեն Փաշինյանի և նրա տիկնոջ գործելաոճով, այլև որքան ժամանակ է՝ նույնիսկ խուսափում են հրապարակավ որևէ խոսքով պաշտպանել նրանց քայլերը՝ փորձելով տարանջատվել կամ շառից ու փորձանքից հեռու մնալ։ Նրանցից շատերը հասկանում են, որ Փաշինյանը և գործադիրում տեղավորվածները լավագույնս օգտվում են իշխանության բարիքներից և զերծ են մնում նրանց քայլերի պատճառով իրենց նոր սկսած կարիերան ավարտել հեղինակազրկմամբ։
Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, որը հասարակության լայն շրջանակների կողմից խստորեն մերժվում և դատապարտվում էր, Փաշինյանը մի կերպ կարողացավ ժամանակավորապես հետաձգել ԱԺ-ում քննարկելուց։ Սակայն Ամուլսարի խնդրից այլևս չի կարող խուսափել։ Որովհետև խոսքը երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի մասին է։ Հեղափոխություն-իշխանափոխությունից հետո, երբ նախկին իշխանություններին և ներդրող խոշորագույն այդ ընկերության գործունեությունը շարունակ վարկաբեկում էր՝ նրանց մեղադրելով կոռուպցիոն գործարքների մեջ, պարզվեց՝ մեծ սուտ էր։ Ինչո՞ւ։
Որովհետև մինչ օրս, դադարեցնելով նրանց գործունեությունը, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դարձնելով, երկրի ներդրումային միջավայրին և պետբյուջեին նման վնաս հասցնելով, այնուամենայնիվ, չկարողացան ներկայացնել՝ ինչ կոռուպցիոն գործարք է եղել, որի մասին օրուգիշեր թմբկահարում էր Փաշինյանը։ Ավելին, պետբյուջեից էլ մոտ 400 հազար դոլար հատկացրեցին անհայտ մի լիբանանյան ընկերության՝ փորձագիտական եզրակացություն անելու համար, այն դեպքում, երբ միջազգային լրջագույն կազմակերպություններ արել էին վաղուց։
Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Նա, ինչպես տեսանելի է, խոստումներ ունի նաև արտաքին որոշ ուժերի և կազմակերպությունների՝ արդարադատության, կրթական և այլ ոլորտներում, Ղարաբաղյան հիմնահարցում ինչ-ինչ քայլեր անելու, առավել ևս, որ հասարակություններին «խաղաղության նախապատրաստելու» ծրագիրը չաշխատեց… Եկել է հաշվետվության պահը. որն է՝ հեղափոխության գինը։ Կրկին մեջտեղ է հանվում անցումային արդարադատության մասին չարաբաստիկ նախաձեռնությունը, Սահմանադրական դատարանում արտաքին ինչ-ինչ ուժերի կողմից դրված պահանջները և, ամենակարևորը՝ Արցախը, արցախյան հիմնահարցը։ Օղակը, կարծես, սեղմվում է։ Զուգահեռ՝ ոչ միայն ակտիվացվում է «Սասնա ծռերը», այլև թավշյա հեղափոխության մասնակից խմբերի՝ Փաշինյանից դժգոհողների քաղաքական գործունեությունը։
Հեղափոխություն՝ հեղափոխական իշխանության ներսո՞ւմ
Ամուլսարի թեման արտաքին ուժերի կողմից լավագույնս օգտագործվում է՝ ցանկալի արդյունքները հեղափոխությունից, Հայաստանից ստանալու համար։ Ընդ որում, չի բացառվում, որ հեղափոխությանն աջակցած արտաքին ուժերը միաժամանակ օգտագործեն այն երկու խնդիր լուծելու համար՝ ճնշում գործադրելով Փաշինյանի վրա, ով հայտնվել է բազմակողմանի փակուղու առջև։ Մի կողմից՝ իշխանությունը պահպանելու խնդիր ունի (այս ընթացքում և նա, և իր թիմակիցները զգացել են հաճույքը), մյուս կողմից՝ երկիրը կանգնած է արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առջև՝ թե քաղաքական, թե տնտեսական։ Հետդարձի ճանապահը նախանձելի սցենար չի խոստանում։ Հետդարձ չկա։ Ժամանակն աշխատում է իշխանությունների դեմ, օր օրի նվազում է հասարակության համակրանքը և աջակցությունը Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ։ Ժողովուրդը, որին որպես պատվանդան՝ օգտագործում է Փաշինյանը, հետ է նահանջում՝ հասկանալով տեղի ունեցածի ողջ ֆարսը։
Հեղափոխությանը սատարած որոշ անհատներ միավորվում են. նրանց մի մասի կարծիքով՝ Փաշինյանն ի սկզբանե դավաճանել է հեղափոխության գաղափարները և խախտել է պայմանը (ըստ նրանց՝ Փաշինյանն անմիջապես չպետք է ինքն իրեն վարչապետ հռչակեր, այդպես չէին պայմանավորվել), մյուս կողմից՝ կիսագրագետ և անփորձների պաշտոնների նշանակելով՝ երկրի տնտեսությունը վտանգում է, լավագույնս հագել և օգտվում է Սերժ Սարգսյանի «վարչապետական կոստյումից», որի դեմ ընդդիմադիր ժամանակ սուր քննադատությամբ էր հանդես գալիս, և ամենակարևորը՝ երկրի արտաքին քաղաքական կուրսը ոչ միայն չի փոխվել, ընդհակառակը, ավելի ռուսահպատակ է դարձել։ Այս անհատները միավորվելով և դուրս գալով ընդդեմ Ամուլսարի շահագործման՝ խոստանում են նոր հեղափոխություն անել։
Ինչո՞վ կավարտվեն այս պալատական, ներկուսակցական, ներքաղաքական խարդավանքներն ու զարգացումները։ Արդեն երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Բոլորի համար անսպասելի էր նրա քայլը։ Իշխանության ներսում հեղափոխությամբ մանդատ ստացած պատգամավորի այս քայլից, կարելի է ասել, «սարսափած են»։ Խնդիրն Է. Առաքելյանի անձը չէ, չնայած նա համարվում էր խմբակցության ինտելեկտուալ հատվածի ներկայացուցիչ։ Խնդիրն այն է, որ ընդամենն օր առաջ ԶԼՄ-ների հետ զրույցում նա բացառել էր խմբակցության պառակտումը և խրախուսել կուսակցական բազմակարծությունը։
Ի դեպ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր խմբակցության իր պատգամավորների հետ։ Նա զայրացած ելույթ էր ունեցել շրջանառվող այն տեսակետների դեմ, ըստ որոնց՝ Ամուլսարի խնդրի պատճառով իր խմբակցությունը կարող է փուլ գալ։ Առանց անուններ տալու՝ նա կշտամբել էր այն պատգամավորներին, ովքեր հակված են խմբակցությունից դուրս գալու։ «Էս մի Ամուլսարի հարցից որ վախեցել եք, բա որ ավելի կարևոր հարց բերվի ԱԺ՝ ի՞նչ եք անելու»,- մոտավորապես այսպիսի տոնով է նա ելույթ ունեցել՝ ակնարկելով, որ ինքն է նրանց մանդատի տեր դարձրել։ Որևէ մեկը չի հակադարձել։
Պայթյունավտանգ իրավիճակ է նաև Երևանի ավագանիում. Հայկ Մարությանն արդեն բնավորություն է դարձրել հրաժարականի մասին խոսելը։ Ավագանու իշխանական խմբակցության անդամներ ևս պատրաստվում են դուրս գալ խմբակցությունից։
Այսպիսով, բոլորը սպասում են Փաշինյանի՝ Ամուլսարի հարցով քաղաքական որոշմանը։ Եվ ներսում, և դրսում։ Իսկ մինչև տարեվերջ արդեն պետք է ավարտվեն նաև Ռուսաստանի հետ գազային բանակցությունները։ Բնականաբար, գազի գինը բարձրանալու է։
Իշխանությունը, մասնավորապես՝ Փաշինյանը, ցայտնոտի մեջ է։ Դրա վկայությունը՝ ֆեյսբուքյան, ներողություն, բայց, ինչպես ասում են՝ ամբախ-զամբախ եթերներն ու հումորային ժանրի գրառումները՝ պաղպաղակ ուտելու, Առնո Բաբաջանյանի արձանը սղարան դարձնելու, տնտեսական ինչ-որ ցուցանիշների, հայկական արտադրության հագուստի մասին…»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը