ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանն առ այն, որ հնարավոր է, որ ընկերությունը քաղաքապետարանի հետ ունեցած խնդիրների պատճառով չկարողանա կատարել իր պարտավորությունները ։
«Փաստացի երևանցին վճարում է աղբահանության համար, բայց միջնորդ կազմակերպությունը և կառավարիչն՝ ի դեմս Հայկ Մարությանի, չի կարողանում իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը», - ասաց նա՝ հավելելով, որ զուր է սպասել, որ քաղաքապետարանն ունակ կլինի լուծել աղբահանության խնդիրը։
Նա այլընտրանքային լուծում առաջարկեց։
«Բոլորս գիտենք, որ Հայկ Մարությանն իբրև քաղաքապետի թեկնածու ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եթե քաղաքապետ Հայկ Մարությանը, փշրելով բոլոր լավատեսական սցենարները, վերջնականապես ապացուցում է, որ ինքը ֆունկցիոնալ առումով անպիտան է՝ կատարելու քաղաքապետի պարտականությունները` լուծելու գոնե աղբահանության խնդիրը, ինչին նա թվում է շատ մոտ, ապա իրավիճակի միակ ողջախոհ լուծում կարող է դառնալ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ/ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՝ կա՛մ իշխող ուժի սեփական նախաձեռնությամբ, կա՛մ էլ հանրային թելադրանքով։ Եթե պարզվի, որ այն խոստումներն ու ծրագրերը, որոնք Մարությանը ներկայացրել է երևանցիներին՝ ստանալով նրանց վստահության քվեն, ի զորու չէ կատարել, մնում է հուսալ, որ հանրապետության վարչապետը, գիտակցելով դրա քաղաքական նշանակությունը, Հայկ Մարությանին կստիպի հրաժարական տալ և անցկացնել Երևանի ավագանու նոր ընտրություններ», - ասաց Ֆարմանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը