News.am-ը գրում է․ «Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը բավական հետաքրքիր է. այն ցույց է տալիս Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների ողջ խորությունը, իրական վիճակն այդ պետությունում։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ նախ այնտեղ ամենաբարձր մակարդակով սերմանվում է ազգային պառակտում, հայատյացություն, դա միանգամայն հասկանալի է այդ հայտարարությունից։ Իսկ հայտարարությունն ինքն ընդհանրապես կարելի է դիտարկել որպես տեղեկատվական ահաբեկություն։ «Երկրորդ, եթե խոսում ենք այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսին են ժողովուրդն ու ազգը, ապա էթնիկական տեսակետից Արցախի ժողովուրդը կարելի է դիտարկել որպես հայ ժողովրդի մի մաս։ Բայց այս համատեքստում հարց է ծագում. իսկ կա՞արդյոք այնպիսի հասկացություն, ինչպիսին ադրբեջանցի ժողովուրդն է։ Ահա այստեղ լուրջ խնդիրներ կան։ «Ադրբեջանցի ժողովուրդ» հասկացություն չկա, այն դեռ չի ձեւավորվել, եւ դա ամենամեծ, գուցե միակ խոչընդոտն է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ «ադրբեջանցի ժողովուրդ» հասկացությունը արհեստական է։ Այն արհեստականորեն ստեղծվել է խորհրդային իշխանության կողմից 1936-ին։ Ադրբեջանական ԽՍՀ-ն մինչեւ 1936 թվականը միակ հանրապետությունն էր, եւ դա, ի դեպ, եղել է ադրբեջանական դասագրքերում, որի անվանումն ածանցյալ չէր ժողովրդի անունից։ Օրինակ, հայեր՝ Հայաստան, վրացիներ՝ Վրաստան, ռուսներ՝ Ռուսաստան, եւ այսպես շարունակ։ Բացառություն էր միայն Ադրբեջանը, որտեղ գոյություն չուներ ադրբեջանցի ժողովուրդ։ Նրանք մարդահամարի ժամանակ կոչվում էին թյուրքեր։ Ի դեպ, թոյւրքական էթնոսը կազմում էր Ադր. ԽՍՀ բնակչության 52 տոկոսը 1936 թվականի դրությամբ, մյուսները այլ էթնոլեզվական խմբի ներկայացուցիչներ էին՝ իրանական, հայկական, սլավոնական, հրեական եւ այլն։ 1936-ին ընդունվում է քաղաքական որոշում՝ ստեղծել ադրբեջանական ժողովուրդ։ Այդ թվականին Հիտլերը իշխանության եկավ Գերմանիայում, եւ վտանգավոր էր Անդրկովկասում ունենալ հանրապետություն, որի հիմնական բնակչությունը կոչվում էր թյուրք, իրականում՝ թուրքեր։ Այսինքն՝ ընդունվեց աշխարհաքաղաքական տեսակետից խելամիտ որոշում՝ իրար խառնելով բոլոր մուսուլմանական ժողովուրդներին»,- նշել է Բաբայանը՝ ավելացնելով, որ դա շատ նման է ամերիկյան ազգի ստեղծմանը, այն տարբերությամբ, որ ամերիկացիների ստեղծման համար անհամեմատ շատ ավելի ժամանակ է պահանջվել։
Սակայն, հիշեցրոց Բաբայանը, գործընթացը չէր ավարտվել, բայց առնվազն մի քանի ազգեր՝ թալիշները, ավարները, լեզգիները չդարձան ադրբեջանցի ժողովրդի մասը: Այլ ազգեր՝ թաթերը (2,5 մլն), քրդերը մասամբ միաձուլվեցին: «Բայց նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանվել է: Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կհանգեցնի Ադրբեջանում ազգային-ազատագրական շարժման դետոնացմանը: Անգամ մեզ համար անընդունելի Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը կարող է դառնալ իրադարձությունների պատճառ, որոնք Ադրբեջանի համար ունեն ավելի վատ հետեւանքներ, քան նույնիսկ անկախության ճանաչումը: Որովհետեւ այս ժողովուրդները եւս կարող են ինքնավարություն պահանջել, իսկ դա կհանգեցնի ադրբեջանցի ժողովուրդ հասկացության վերացմանը, նրա տարրալուծմանը: Սա է հենց ֆաշիստական տրամադրությունների պատճառը: Նրանք մեր մեջ տեսնում են սեփական գոյության սպառնալիքը: Ուստի ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, որ Ադրբեջանը, համենայնդեպս տեսանելի ապագայում, հակամարտության լուծման միայն 2 ճանապարհ ունի՝ կա՛մ Արցախի ոչնչացումը, կա՛մ, հակամարտության սառեցումը: Կա նաեւ երրորդ ճանապարհը՝ պետության ժողովրդավարացումը, համադաշնության կառուցվածքը: Բայց, իհարկե, առանց Արցախի, քանի որ մենք վաղուց ենք ինքնորոշվել: Եթե Ադրբեջանը ցանկանում է նորմալ պետություն ստեղծել, որը հեռանկարային ապագա ունի, պետք է անցում կատարի համադաշնային կառուցվածքի, այլ ճանապարհ չկա: Որովհետեւ ներկայիս վիճակը վաղ թե ուշ կհանգեցնի մասշտաբային բախումների»,- շեշտեց Բաբայանը:
Ինչ վերաբերում է փախստականների մասին հայտարարություններին, ապա Դավիթ Բաբայանը ընդգծեց նման պնդումների սպեկուլյատիվ բնույթը. «Նրանք սպեկուլյացիա են անում՝ հասկանալով, որ ոչ մի հակամարտության մեջ հումանիտար հարցերը չեն կարող լուծվել այնքան ժամանակ, մինչեւ կկարգավորվեն հիմնական քաղաքական հարցերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը