21 08 2019

ԱԺ մեծամասնության ճեղքումը բերելու է լուրջ փոփոխությունների․ քաղաքագետ․ Tert.am

ԱԺ մեծամասնության ճեղքումը բերելու է լուրջ փոփոխությունների․ քաղաքագետ․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Ուղիղ ժողովրդավարության մասին հայտարարությունն ընդամենը հերթական դեմագոգիան, պոպուլիզմն էր, որը առաջ չգնաց, մեխանիզմի չվերածվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցի հանրաքվեով լուծմանը: Քաղաքագետի կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության դիրքորոշումն, ըստ էության, արդեն բերել է խորհրդարանական մեծամասնության ճեղքման, որն ըստ նրա՝ քաղաքական դաշտի շատ լուրջ փոփոխությունների պատճառ կդառնա: «Եթե ճեղքումը բավականին զգալի լինի, այդ դեպքում մենք արդեն գործ կունենանք խորհրդարանական մեծամասնության փլուզման հետ, իսկ խորհրդարանական մեծամասնության փլուզումը խորհրդարանական ճգնաժամ է նշանակում: Ըստ Սահմանադրության՝ եթե կառավարությունը չի ունենում մեծամասնություն, արդեն նոր կառավարության խնդիր է առաջանում, իսկ եթե դա էլ չի հաջողվում, նոր խորհրդարանական ընտրություններ»,- նշեց Ստեփան Դանիելյանը:

- Պարոն Դանիելյան, «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանությունները հայտարարում էին Հայաստանում ուղիղ ժողովրդավարության գործիքներ ներդնելու մասին, մասնավորապես, հանրաքվեների միջոցով այս կամ այն հարցերին լուծումներ տալը: Սակայն, Ամուլսարի հարցի դեպքում, կարծես, նման սցենար չի քննարկվում կառավարությունում:

- Ուղիղ ժողովրդավարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից շահարկվում էր, որպեսզի հիմնավորի հանրային ճնշումների միջոցով իշխանությունների վրա ազդելը և արդյունքում նաև իշխանափոխությունն իրականացնելը: Սա ավելի շատ հռետորական դաշտում էր և իր գործողություններին ինչ-որ իրավական հիմք տալու համար էր: Սակայն, ուղիղ ժողովրդավարությունը դա և՛ փիլիսոփայություն է, և՛ աշխարհայացք է, և՛ իրավական մեխանիզմներ են, որոնք շատ երկրներում կիրառվում են՝ հատկապես տեղական խնդիրները լուծելու համար: Ամենահայտնին Շվեյցարիայի օրինակն է: Բայց մենք տեսանք, որ ինչպես շատ խոստումներ՝ Սահմանադրության փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք և այլն, ուղղակի քարոզչական բնույթ ունեին: Իրավական դաշտի փոփոխություն տեղի չունեցավ: Ավելին, երբ այդ գործողությունները շարունակվեցին՝ ճանապարհ փակել և այլն, ինքն արդեն նախկին իշխանությունների նման փորձում է ուժ կիրառել: Ուղիղ ժողովրդավարությունն այն չէ, որ ամեն մեկը վեր է կենում և ինչ ուզում անում է, ուղիղ ժողովրդավարությունը հանրաքվեների օրենքի փոփոխությունն է, որը Հայաստանում տեղի չունեցավ: Այսինքն՝ այդ ուղիղ ժողովրդավարությունը հերթական դեմագոգիան, պոպուլիզմն էր ընդամենը, որը առաջ չգնաց, մեխանիզմի չվերածվեց:

- Ինչ եք կարծում, Ամուլսարի հարցը կարո՞ղ է քաղաքական մեծ օրակարգ դառնալ կամ սկիզբ դնել քաղաքական մեծ օրակարգի:

- Այն արդեն դարձել է՝ մի քանի պատճառով: Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանին սատարող ուժերի մեջ առաջատար դեր ունեին բնապահպանները, որոնք հանրային գործունեության, ակտիվիզմի փորձ ունեին: Փաստորեն, այդ ամբողջ շերտը Նիկոլ Փաշինյանի համար մեկ պաշտպաններից մեկն էր, որը հիմա դառնում է Նիկոլ Փաշինյանի համար մեկ թշնամին: Երկրորդ պատճառը, որը դեռևս այդքան էլ լուրջ չի ընկալվում հանրության կողմից, խորհրդարանական մեծամասնության ճեղքումն է: Խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, արդեն ճեղքվել է:

- 5-6 պատգամավորի՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ արտահայտվելը ճեղքո՞ւմ եք համարում:

- Այո, 5-6 պատգամավորների դեմ արտահայտվելը ճեղքում եմ համարում, ավելի շուտ՝ մի քանի տասնյակ պատգամավորների լուռ մնալը նույնպես ճեղքում է նշանակում: Կարծում եմ՝ այդ մարդիկ դեռևս խուսափում են կարծիք հայտնել, և դեռ պարզ չէ՝ նրանց որ մասը որտեղ կհայտնվի: Եթե ճեղքումը բավականին զգալի լինի, այդ դեպքում մենք արդեն գործ կունենանք խորհրդարանական մեծամասնության փլուզման հետ, իսկ խորհրդարանական մեծամասնության փլուզումը խորհրդարանական ճգնաժամ է նշանակում: Ըստ Սահմանադրության՝ եթե կառավարությունը չի ունենում մեծամասնություն, արդեն նոր կառավարության խնդիր է առաջանում, իսկ եթե դա էլ չի հաջողվում, նոր խորհրդարանական ընտրություններ: Սա սպասելի էր, ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե դա կլինի Ամուլսարի հարցը կամ այլ մի հարց, բայց կանխատեսելի էր, որ որևէ մի հարց բերելու է նման ճեղքման, որովհետև «Իմ քայլը» խմբակցությունում հայտնված մարդիկ քաղաքական թիմ չէին ներկայացնում, դա պահի ազդեցության տակ ձևավորված մարդկանց խումբ էր: Հիմա, երբ քաղաքական խնդիր է առաջանում, բնականաբար, ճեղքվածք է առաջանում, որովհետև դա կուռ, գաղափարախոսություն ունեցող թիմ չէ: Այդ ճեղքումը բերելու է քաղաքական դաշտի շատ լուրջ փոփոխությունների: Այսօր մարդիկ դեռ լավ չեն պատկերացնում դրա հետևանքները:

- Ձեր կանխատեսմամբ՝ հնարավոր խորհրդանական ճգնաժամն ի՞նչ ժամանակահատվածում կլինի:

- Չեմ կարող ասել՝ առաջիկա ամիսների հարց է, թե մեկ տարվա ընթացքում, բայց առաջին տպավորությունն այն է, որ այս գործընթացը կարող է բավականին արագ ընթանալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ